Armsport.am-ը գրում է.

«Վեսթ Հեմ Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսն իր 50-րդ գոլն է խփել անգլիական Պրեմիեր-լիգայում: Հոբելյանական գոլն Էրնանդեսը հեղինակել է ԱՊԼ-ի 27-րդ տուրի` «Ֆուլհեմի» հետ խաղում, որն ավարտվել է 3:1 հաշվով:

Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացել է «Ֆուլհեմի» հարձակվող Ռայան Բաբելը: Առաջին կեսի միջնամասում Էրնանդեսը հավասարեցրել է հաշիվը:

40-րդ րոպեին «Վեսթ Հեմի» պաշտպան Իսա Դիոպն առաջ է մղել իր թիմին, իսկ խաղի վերջնահաշիվը ձևակերպել է տանտերերի կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն` մրցակցի դարպասը գրավելով հիմնական ժամանակին ավելացրած րոպեին:

30-ամյա Էրնանդեսը դարձել է առաջին մեքսիկացին, որն ԱՊԼ-ում 50 գոլ է խփել: Անգլիայում Էրնանդեսը հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2010-ից 2015 թվականներին, իսկ 2017 թվականին պայմանագիր է կնքել «Վեսթ Հեմի» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 19 հանդիպման է մասնակցել, դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Վեսթ Հեմը» 27 տուրից հետո 36 միավոր է վաստակել և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել