Լև Կոնստանտինի Ատամանովը (Ատամանյան) խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հայրերից ու հիմնադիրներից մեկն է, հայկական անիմացիոն կինոյի հիմնադիրը, ռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ժողովրդական արտիստ: Ատամանովը հայկական ծահում ուներ. նա «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամներից էր:

Լև Ատամանովը ծնվել է 1905 թ. Մոսկվայում: Ավարտել է Առաջին պետֆիլմդպրոցը և 1926-ին ստացել կինոռեժիսորի դիպլոմ: 1928-ից սկսած որպես ռեժիսորի օգնական է աշխատել «Գոսվոյենկինո» կինոֆաբրիկայում:

Նա աշխատանքային գործունեություն է ծավալել նաև Հայաստանում: 1936 թ. գալով Երևան՝ Լև Ատամանովը կինոստուդիայում ստեղծել է մուլտֆիլմերի բաժին, հավաքել է մի շարք երիտասարդ նկարիչների ու փոխանցել է նրանց իր մասնագիտության գաղտնիքները: Նրա ղեկավարությամբ ստեղծվել են հայկական երեք մուլտֆիլմեր՝ «Շունն ու կատուն», «Քահանան և այծը», «Կախարդական գորգը»՝ համապատասխանաբար 1938, 1939 և 1948 թվականներին:

Լև Ատամանովը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1949-ից ի վեր նա աշխատել է որպես ռեժիսոր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում: 1960-ականների սկզբին նա «Սոյուզմուլտֆիլմի» տիկնիկների միության ռեժիսորական խորհրդի նախագահն էր, ինչպես նաև ստեղծագործական բաժնի նախագահն ու գեղխորհրդի նախագահը:

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Ատամանովը ոգեշնչվել է տարբեր ազգերի հեքիաթներից՝ հայկական, ռուսական, չինական և այլն:

Լև Ատամանովի մուլտֆիլմերը մինչ օրս սիրում ու հաճույքով ու հիշողություններով դիտում են շատերը: «Դեղին արագիլը», «Սառցե թագուհին» և շատ այլ մուլտֆիլմեր պարգևատրվել են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մրցանակներով ու դիպլոմներով:

Իր ինքնակենսագրականում Լև Ատամանովը նշել է. «Իմ նախնիները Նոր Նախիջևանից էին»: Կինոգետ Սերգեյ Գալստյանն իր «Ատամանով. կյանքն ու ստեղծագործությունը» մենագրությունում որոշ անհայտ փաստեր ու վկայություններ է հաղորդում Ատամանովի ընտանիքի մասին. «Նրա դեմքը կարծես հատուկ ստեղծված լիներ ժպտալու համար ոչ միայն իր զրուցակցին, այլև շրջապատում գտնվող բոլորին»:

Հատկանշական է այն փաստը, որ համաշխարհային ճանաչում ունեցող ճապոնացի գրող, անիմեների ռեժիսոր Հայաո Միյաձակին իր հարցազրույցներից մեկում հայտնել է, որ Լև Ատամանովի «Սառցե թագուհին» մուլտֆիլմը որոշիչ ազդեցություն է ունեցել, որպեսզի նա ընտրի իր մասնագիտությունը:

Լև Կոնստանտինի Ատամանովը մահացել է 1981 թ. փետրվարի 12-ին Մոկսվայում: Նա թաղված է Մոսկվայում գտնվող Վագանկովյան գերեզմանատանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել