Ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցը, թեպետ այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ:

Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանը վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունն Արցախը վեր է ածում բանակցությունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով կամ ավելի ստույգ՝ չայցով պայմանավորված երկարաժակետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի: Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի արթնացրու հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող, առավել ևս՝ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ:

Ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

Դադարեք հրճվել այն հանգամանքով, որ միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում կամ լրահոսում դեռ հայտնվում են ձեր իշխանափոխության մասին ռոմանտիկ զեղումները: Լագերֆելդի կատուն հիմա ձեզնից հայտնի նյուսմեյքեր է: Ու ի՞նչ:

Չարագուշակություններ անել չեմ ուզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել