Վախում եմ մարդկանց ասեմ, որ ես էլ եմ տենց (Իրական Պատմություն # 2)

Ես հոմոֆոբ եմ: Խի՞ ա սենց, ես չգիտեմ, ես չեմ հասկանում, ուղեղս էդքան աբառոտ չի անում, որ ջոկեմ, որ հասկանամ ինքս ինձ… Ընդհանրապես մարդկանց չեմ ատում, մենակ ատում եմ իմ նմաններին: Չեմ ուզում իրանց մասին լսեմ, չեմ ուզում իրանց տենամ, չեմ ուզում իրանց նման ըլնեմ: Մի տեսակ ոնց որ վախ կա մեջս. վախում եմ մարդկանց ասեմ, որ ես էլ եմ տենց: Վախում եմ խոստովանեմ, որ ես տենց եմ, դրա համար էդ տիպի մարդկանց չեմ սիրում: «Ես լեսբիանկա եմ»: Մի տեսակ ստորացուցիչ, նվաստացնող ա չէ՞ հնչում: Կամ երևի սկի էլ նվաստացնող չի հնչում, էն ա, որ ինքս ինձ վնուշկել եմ: Բայց ընդհանուր վերցրած զզվում եմ լեզբիանկա աղջիկներից: Բայց դե էդ սովորական ատելություն չի էլի, մի տեսակ ուրիշ ձև եմ ատում իրանց, մի տեսակ սիրելու նման մի բան ա էդ իմ ատելությունը, մի տեսակ խղճալու զգացումի հետ խառնված զզվանք ա էտի… Խոսքի, պատկերացրե՛ք, մի մարդ պատկանում ա որևէ ընտանիքի, ցեղի, ռասսայի, որևէ տեսակի: Ինքը հասկանում ու ընդունում ա իրա տեսակին, բայց ստիպված ա թաքցնի, որ ինքն էդ տեսակին ա պատկանում, ու որ թաքցնում ա, հետո էլ անկախ իրանից սկսում ա ատել: Երևի թաքուն բաներից մարդու մոտ ատելությո՞ւն ա առաջանում: Հա էլի, ու էդ ատելությունը ինչ-որ մեկի կողմը պիտի ուղղվի, ու էս դեպքում էդ ատելությունը սխալ ուղղությամբ ա էթում, ու ստացվում ա հոմոֆոբիա:

Հա բա, մարդ ստիպված ա էտի թաքցնի իրա ընգերներից, ծանոթներից, բարեկամներից, ստիպված ա թաքցնի էտի իրա գործի տեղի մարդկանցից, իրանից փոքր քուր-ախպերներից, որտև ինքը մեծն ա, ու ինքը պտի օրինակ ծառայի իրանից փոքրերի համար… Ու ես ինչո՞վ պտի օրինակ ծառայեմ ինձնից փոքր իմ քրերին, ինչի՞ պիտի իմ պապան ու ախպերն ամաչեն, որ իրանց աղջիկը կամ քուրը լեզբիանկա ա, խի՞ պտի մամաս նեղվի ու մտածի, որ ինքն ա վատ դաստիարակել իրա աղջկան, դրա համար ա իրա աղջիկը աղջիկներին սիրում: Ու տենաս ի՞նչ կզգա մաման, երբ իմանա, որ իրա աղջիկը հարազատ մոր տարիքի կանանց հետ ա գիշերներ լուսացնում: Պատկերացնու՞մ եք՝ ինչ մեղք կլնի իմ ընտանիքը էդ լուրը լսելուց, էդ մասին իմանալուց հետո… Չէ՛, մեղք են մերոնք, իրանք արժանի չեն էդ հարվածին. մարդ են էլի, թող հանգիստ ապրեն, խի՞ դառնացնեմ իրանց կյանքը: Ես արդեն քսանութ տարեկան եմ, ունեմ մասնագիտություն, ունեմ լավ աշխատանք, ունեմ լավ ընկերներ, ունեմ լիքը գաղտնի լեզբիանկա ու բիսեքսուալ ընկեր-ընկերուհիներ… Ընտանիքս լավն ա, ուրիշների ընտանիիքների պես զահլա չի տանում, չի ասում. «Ժամանակն ա, արդեն ամուսնանալու ժամանակն ա», ազատ ապրում եմ, ապրում եմ ոնց որ ուզում եմ… Մենակ թե թաքցնում եմ էլի… Թաքցնում եմ, որ լեզբիանկա եմ: Բայց դե ինքս իմ համար չեմ թաքցնում, ես չեմ ուզում, որ ընտանիքս էդ մասին իմանալով վատ զգա:

Գիտե՞ք՝ իմ մոտ ոնց ա: Ամենից շատ ես ինքս ինձ եմ ատում: Ես ինքս ինձնից ավելի շատ եմ զզվում, քանց թե ուրիշներից: Ամեն անգամ իմ ընկերուհիներից մեկնումեկի հետ հանդիպելուց հետո, երբ կայֆի ու հաճույքի քաղցրությունն արդեն անցած ա ըլնում, ո՜նց եմ սկսում ինքս ինձ ատել, ո՜նց եմ սկսում ինքս ինձնից զզվել: Ես զզվում եմ իմ հոգուց ու իմ սեփական մարմնից, զզվում եմ իմ ցանկություններից, զզվում եմ իմ ցանկությունները բավարարելուց ու զզվում եմ դաժե իմ մտքերից: Կեթայի ու ինքնասպան կլնեի, եթե մամային չխղճայի. մեղք ա մաման, կորուստին չի դիմանա:

Դրա հետ մեկտեղ ինձ մեղավոր եմ զգում ու մեղքի զգացումով ապրում: Մեր քաղաքում լեզբիանկեքին ոչ ոք չի սիրում, սաղ օրը իրանց նեղում ու քլնգում են: Ես էլ կարայի բացահայտ ասեի, որ լեզբիանկա եմ, թող ինձ էլ քլնգեին: Ոնց որ իմ նմաններն են տառապում, թող ես էլ տենց տառապեի ու պայքարեի: Չէ խի՞… Բա ո՞վ ջայլամի կյանքով ապրի:

Էսօր առավոտ ընկրուհիներիցս մեկի տնից եմ գործի գնացել. գիշերը իրար հետ էինք անցկացրել: Գործի գնալուց առաջ կալենդարին նայեցի. հեսա մի քանի օրից հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն ա. տենաս ու՞մ դեմ ես պիտի պայքարեմ… Ինքս իմ դե՞մ:

Սապֆո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել