Կալիգուլա

Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս, ով առավել հայտնի է Կալիգուլա կեղծանվամբ, կարճ ժամանակ եղել է Հռոմի կայսրը։ Նա դաժան մարդ էր, որն իր իշխանությունը պահում էր ինտրիգների ու խաբեության միջոցով։ Կյանքում նրան հաճույք էր պատճառում միայն երեք բան՝ իշխանությունը, սարսափելի խոշտանգումներն ու կանայք։ Խոսելով վերջինի մասին՝ կարելի է ասել, որ նրան մինչ օրս համարում են Հռոմի ամենաավայելուչ կայսրերից մեկը։ Կալիգուլան մի քանի անգամ պաշտոնապես ամուսնացել է, սակայն դա չէր խանգարում նրան կապի մեջ մտնել ամուսնացած այլ կանանց հետ, որպեսզի նրանց միջոցով քաղաքական աջակցության ստանա կամ հասնի այլ նպատակների։ Իր որոշ սիրուհիների նա մահապատժի է ենթարկել վերջիններիս ամուսինների հետ միասին։ Ասում են, որ նա անգամ հանցավոր սեռական կապի մեջ է գտնվել իր քույրերի հետ։

Նրանցից մեկին՝ Դրուզիլային, Կալիգուլան այնքան շատ էր սիրում, որ երբ աղջիկը մահացավ, նա երկրում սուգ հայտարարեց։ Բոլորին արգելվում էր ծիծաղել, լողանալ և այլն։ Իսկ իր սիրելիներից մոկին՝ Լիվիային, նա առևանգել էր հենց վերջինիս հարսանիքի ժամանակ, իսկ մի քանի օր անց վերադարձրել էր նրան ամուսնուն։ Շատ կանանց հետ կապ ունենալուց հետո Կալիգուլան արգելում էր նրանց կապվել այլ տղամարդկանց հետ, հակառակ դեպքում մահապատժի էր ենթարկում։ Իր վերջին կնոջը Կալիգուլան իր «կինն» է համարել միայն այն բանից տարիներ անց, երբ վերջինս երեխա պարգևեց կայսերը։

Հենրիխ VIII

Հենրիխ VIII Թյուդորն Անգլիայի ամենամեծ թագավորներից մեկն էր։ Նա ոչ միայն հայտնի էր որպես լավ զորահրամանատար, այլև երկրում կարևորագույն բարեփոխումներից մեկն է կատարել՝ ստեղծել է անգլիական նոր եկեղեցին՝ անկախ Հռոմի պապի ազդեցությունից։ Սակայն բոլորին է հայտնի, որ նա դա արել է ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով, այլ կնոջ համար։ Հենրիխ VIII–ը վեց պաշտոնական կին ու շատ սիրուհիներ ուներ։

Նրա առաջին կինն իսպանացի կաթոլիկուհի Եկատերինան էր՝ Հենրիխի ավագ եղբոր նախկին կինը։ Աննա Բոլեյնին հանդիպելուց հետո, ով բողոքական էր, նա որոշեց կնության առնել այդ աղջկան, սակայն Հռոմի պապը նրան ամուսնալուծության թույլտվություն չտվեց։

Հենց այդ պատճառով Հենրիխը խզեց բոլոր կապերը կաթոլիկ եկեղեցու հետ, ամուսնալուծվեց ու ամուսնացավ Աննայի հետ։ Բացի դրանից՝ նա կապ ուներ նաև Աննայի կրտսեր քրոջ՝ Մերիի հետ, ով նրա համար երեխաներ էր ծնել։ Աննայի նկատմամբ նրա զգացմունքներն արագ մարեցին, և արքան պատրվակ գտավ՝ կնոջը մահապատժի ենթարկելու ու դրա հաջորդ օրը կրկին ամուսնանալու համար։

Երրորդ կինը՝ Ջեյնը, ասում են, Հենրիխի ամենասիրելի կինն էր, սակայն նա մահացել է ծննդաբերության ժամանակ։ Այդ ժամանակ Հենրիխը կնության է առել Աննային, ում տեսել էր միայն նկարներով։ Երբ այդ աղջկան տեսել է իրական կյանքում, այնքան է հիասթափվել, որ միանգամից դադարեցրել է ամուսնությունն ու աղջկան ուղարկել հեռավոր մի ամրոց։ Հինգերորդ կինը՝ Քեթրինը, մահապատժի ենթարկվեց Հենրիխի կողմից դավաճանության համար։ Իսկ վերջին կինը երիտասարդ գեղեցկուհի էր, ում հետ արքան որոշեց անցկացնել իր ծերությունը։

Նապոլեոն

Ծագումով լինելով կորսիկացի՝ Նապոլեոն Բոնապարտը, ինչպես վստահեցնում էին նրա ժամանակակիցները, չնայած ցածր հասակին, գրավիչ տղամարդ էր, որը ոչ միայն շատ սրամիտ էր, այլև ուժեղ անհատականություն ուներ։

Նապոլեոնի առաջին կինը՝ Ժոզեֆինա Բոգարնեն, իր ամուսնուց մեծ էր ու առաջին ամուսնությունից դուստր ուներ։ Նապոլեոնը սիրում էր նրան, և անգամ ամուսնալուծությունից հետո նրանք պահպանում էին իրենց ընկերական հարաբերությունները։ Չնայած դրան՝ Բոնապարտն անթիվ անգամներ այլ սիրավեպեր է ունեցել, չնայած որ իրենց ամուսնության մեջ տիրում էին փոխհամաձայնությունը, հարգանքն ու փոխօգնությունը։ Շատերը, սակայն, հավաստիացնում են, որ Նապոլեոնն անգամ հարաբերությունների մեջ էր իր խորթ աղջկա հետ։ Եվրոպայում բազմաթիվ նվաճումների ժամանակ նա նոր սիրավեպեր է ունեցել։ Լեհաստան արշավանքի ժամանակ Բոնապարտը տիրացել է լեհ գեղեցկուհի Մարիա Վալևսկայային, ով մինչև վերջ ըմբոստանում էր, սակայն վերջիվերջո սիրահարվեց Նապոլեոնին։

Նրանց վերջին հանդիպման ժամանակ այն բազմոցից, որին նստած էր Բոնապարտը, աղջիկը մի կտոր է կտրել և մինչև կյանքի վերջին օրը պահպանել որպես հուշ։ Քանի որ Ժոզեֆինան չէր կարողանում երեխա ունենալ, Նապոլեոնը ստիպված էր նոր կին ունենալ՝ Լուիզան։

Այս աղջիկը երիտասարդ էր, թմբլիկ, գեղեցիկ, սակայն, միևնույն է, Նապոլեոնը նրան էլ դավաճանեց։ Հայտնի կանանցից նա սիրային կապի մեջ է եղել հայտնի դերասանուհի մադմուազել Ժորժի և օպերային երգչուհի Ջուզապինա Գրասինիի հետ։ Ընդհանուր առմամբ՝ Բոնապարտը 51 սիրուհի է ունեցել, որոնց անունները պահպանվել են պատմության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել