Ես իհարկե դեմ չեմ, որ Արմեն Դուլյանը որակյալ ու փորձառու լրագրող է, ում պարզապես հաճելի է ակնդրել ու ունկնդրել ու չէի ցանկանա, որ նա գործազուրկ մնար, բայց ներկա հիվանդագին արձագանքը Դուլյանի՝ աշխատանքից ազատման թեմային, մեղմ ասած, անընկալելի ու անընդունելի է ինձ համար: Ըստ իս՝ քաղաքական աստառներ տալը խնդրին անտեղի է, քանզի նրա՝ աշխատանքից ազատելը զուտ ներկազմակերպական կոնֆլիկտի պատճառով է: Դուլյանը իր գրառման մեջ, ապա նաև մեկնաբանություններում կոպտագույն սխալ է արել՝ վիրավորելով իր ղեկավարությանը, չնայած դա չի ընդունում՝ ասելով, որ վիրավորել է վերացական ինչ-որ վերահսկիչների:
Ահա Դուլյանի՝ աղմուկ հանած գրառման մեկնաբանություններից մի հատված:
Մեկնաբանության մեջ այս տղան գրում է, որ այդ պատասխանատուները «Կոմպլեքսավորված, գեղացի, ստրկամիտ, անհամ ու անմակարդակ շանորդիներ են», իսկ Դուլյանը չի համաձայնում միայն շանորդի որակման հետ՝ համաձայնելով, որ նրանք կոմպլեքսավորված են, գեղացի, ստրկամիտ, անհամ ու անմակարդակ: Արդյո՞ք սա նորմալ է ու ճիշտ է:
Ես որպես ղեկավար նմանին չէի հանդուրժի:
Իսկ անգամ եթե տեսականորեն դիտարկենք, որ Դուլյանի խոսքն անձամբ «Շանթի» ադմինիստրացիային չէր ուղղված, ինչը վստահաբար այդպես չէ, ապա արդյո՞ք նորմալ է, որ ամեն օր եթերից երևացող մարդը նման բառապաշար ունենա ու այդպես որակի մեկ այլ մարդու՝ ոչ իր ղեկավարին:
Գուցե «Շանթի» ղեկավարները շատ կտրուկ են գտնվել նրան աշխատանքից հեռացնելով ու գուցե հետո փոշմանեն, բայց Դուլյանին արդարացնելը այս պահին սխալ է: