1915 թվականի ամռան վերջին Էջմիածնում հավաքվել էին հազարավոր գաղթականներ ու որբեր։ Վերջինները տարբեր տարիքի էին, բոլորն էլ՝ անտեր ու անհույս վիճակում: Էջմիածնում և շրջակայքում կատարյալ քաոս էր տիրում. Արևմտյան Հայաստանի հայ ազգաբնակչությանը ներքաշելով ռուս-թուրքական պատերազմի մեջ՝ ռուսական իշխանությունները բացարձակ չէին պատրաստվել տեղերում այդպիսի ահռելի քանակությամբ փախստականների ընդունմանը:
«Զորավար Անդրանիկի հուշերից. «1915-ին (մայիսին), երբ Վասպուրականը գրավվեցավ ռուսներեն, Թումանեան Վան եկավ՝ տեսնելու իր ժողովուրդն ու հայրենիքը ավելի մոտեն: Ի՞նչ տպավորութիւններով վերադարձավ` չեմ գիտեր, բայց երբ 1915-ին (հուլիսին) Մեծ գաղթը եղավ ռուսներու կեղծ նահանջով, բանաստեղծն իր տունը, իր ընտանիքի վայելքները թողուցած, իր երկու աղջիկներուն հետ եկավ Էջմիածինի վանքի, Իգդիրի ու Երևանի պատերուն տակ խռնված գաղթականներուն օգնելու»:
1915-ի օգոստոսին Թումանյանն Էջմիածինում էր, նա հոգ էր տանում ոչ միայն որբերի, այլև յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Թումանյանը հոգ էր տանում անգամ մահացածների մասին: Այդ օրերին մահերն այնքան շատ էին, որ դիակները սայլերով էին տանում թաղելու: Եվ այդպիսի հերթական մի օր սայլապանը հանկարծ հրաժարվում է կատարել իր աշխատանքը՝ պատճառաբանելով, թե քանի որ Էջմիածնի պաշտոնեությունը չի վճարել իր աշխատավարձը, ինքն այդ օրը չի թաղելու մահացածներին:
Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գևորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն վարձը չվճարելու պատճառով: Հովհաննես Թումանյանը դարձել էր արդեն «Ամենայն հայոց հայերի հայրիկը»՝ իր վրա վերցնելով մի ողջ որբացած ժողովրդի հոգս: