Կանայք հիմա հրաշալի արդարացում ունեն շաբաթական երկու անգամ աղջիկներով հավաքվելու համար. նոր հետազոտության համաձայն՝ կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն իրենց ընկերուհիներին ավելի առողջ լինելու համար։
Հետազոտությունն անց է կացվել Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից։ Հետազոտությունը վերաբերում էր այն անհրաժեշտ քայլերին, որ կանայք պետք է ձեռնարկեն ավելի երջանիկ լինելու համար։ Հետազոտության համաձայն՝ կնոջ օրգանիզմին պարզապես անհրաժեշտ է շաբաթական երկու անգամ ընկերուհիներին հանդիպել։
Հոգեբան Ռոբին Դանբարը, որն այս հետազոտության հեղինակն է, պնդում է, որ կնոջ ինքնազգացողությունը բարելավվում է, երբ նա շաբաթական երկու անգամ հանդիպում է իր լավագույն չորս ընկերուհիների հետ և գարեջուր խմում, բամբասում, իրենց հուզող թեմաներ քննարկում։ Այս ամենը կանանց դրական լիցքեր է հաղորդում։ Նշվում է, որ այս հանդիպումներն օգնում են արագ վերականգնվել հիվանդություններից հետո, բարձրացնել իմունային համակարգը, նվազեցնել լարվածությունը։
Այնուամենայնիվ, հետազոտողները նշում են, որ 5 կանանցից միայն 2-ն են շաբաթական առնվազն մեկ անգամ դուրս գալիս իրենց ընկերուհիների հետ և նույնիսկ ավելի քիչ, եթե զբաղված են ընտանեկան հոգսերով։
Հետազոտության համաձայն՝ կանայք շփվում են զվարճալի մեկնաբանություններ անելով, կատակելով և խոսելով այնպիսի բաների մասին, որոնք ծիծաղեցնում են իրենց, սակայն այստեղ շատ կարևոր գործոն է նաև խմբի չափսը։
Փոքր խմբերում ծիծաղելն ավելի էֆեկտիվ է։ Բայց երբ խումբը գերազանցում է հինգ հոգին, զվարճալի իրավիճակները, որոնց դեպքում արտադրվում են երջանկության համար անհրաժեշտ էնդորֆինները, ավելի քիչ հավանական են դառնում, այդ պատճառով խորհուրդ է տրվում հավաքվել առավելագույնը չորս հոգով։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, հնարավոր է ավելի շատ, քան տղամարդիկ, պետք է պահեն այդ կապերը։ Դրանք բարձրացնում են սերոտոնինի և օքսիտոցինի մակարդակն արյան մեջ»,- ասում է հետազոտող խմբի անդամներից հոգեբան Ալիսա Ռուբի Բաշը։
Կանայք լարված կյանք են վարում և երբեմն իրենց մեղավոր են զգում, որ ընտանիքը տանն առանց իրենց է։ Իրականում մենք պետք է մեզ համար ժամանակ ունենանք։ Խոսքը միայն այն մասին չէ, որ հանդիպենք և խմենք։ Դա ավելի շատ առօրյա հոգսերից կտրվելու, թուլանալու, հարազատ մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպելու մասին է, և այս հետազոտությունը դրա ապացույցն է։