Հեչ եղե՞լ է, որ նկարը տեսնեք ու զարմանաք, թե իրեն ոնց եք մինչև հիմա բաց թողել ու ոնց չեք դասել ամենասիրելի նկարների շարքին։
Էս հրաշալիքը 19-րդ դարի նկարիչ Էդուարդ Ռոբերտ Հյուջսի ստեղծածներից է։ Նկարում պատկերված է Վալկերիա՝ կին ռազմիկ, ով դիցաբանություններում ներկայացվում է որպես Աստծո կողմից կռվող ու պայքարող ուժեղ կերպար՝ թռչող ձիու վրա նստած։
Ի՞նչ է խորհրդանշում նկարը։ Ուրեմն՝ Էդուարդն ասում էր, որ նկարի Վալկերիան մի տեսակ դուրս է Վալկերիաների ընդունված պատկերացումներից․ ինքը զինված չէ, ինքը մարտի դաշտում չէ և, առավել ևս, ոչ մեկի չի սպանում։ Էս էն Վալկերիան է, ով արդեն անցել է մարտի միջով, անցել արյունի ու կորստի միջով ու հիմա փորձում է, իր ձիու վրա նստած, վայելել երկնքի, քաղաքի գեղեցկությունը, փորձում է տրվել էդ հանգստությանը, մոռանալ պատերազմի, իր կռիվների, անցած ճանապարհի մասին։ Երկար, ոսկե մազերը հոգնել են ամենօրյա խիստ կապվածքներից ու ձգտում են քամու հետ խաղալ, իսկ ինքը՝ գեղեցկուհին, ուղղակի ուզում է վեր լինել ամեն ինչից ու մի քիչ քնել՝ գլուխը դրած իր հավատարիմ ծառայի թևերին, որպեսզի անգամ աստվածներն իրեն չխանգարեն։
Ասում է՝ մեզնից յուրաքանչյուրը կգտնի իրեն էս նկարում, որովհետև բոլորս կուզեինք մեր ամենօրյա մարտերից հետո ուղղակի վերանալ աշխարհից ու մի պահ շատ-շատ հեռվից նայել էն խառնաշփոթին, էն քաոսին ու աբսուրդիզմին, որ մենք ենք ստեղծում, բայց և դրանից գոնե մի քիչ հեռու մնալ՝ մատնվելով լռության ամենակարող իշխանությանը։
Մի խոսքով՝ մի նոր գլուխգործոց եմ հայտնաբերել, ասեցի՝ կիսվեմ։
Քնելուց առաջ լցրեք ձեր երազները միմիայն սիրուն նկարներով։




