Tert.am-ը գրում է.

Տնտեսական հեղափոխություն անցկացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վախեցնելու են բիզնեսին ու ներդրողներին: Նման ձևակերպումները պետք է հնչեցվեն զգուշորեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:

«Հեղափոխական ճանապարհով որևէ դրական փոփոխություն լինել չի կարող ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության մեջ: Տնտեսությունը պետք է զարգանա աստիճանաբար, ցանկացած հեղափոխական կտրուկ փոփոխություն վատ հետևանքներ կունենա»,- ասաց Մարտինովը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը տնտեսագետ չէ և «հավանաբար լավ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, ինչ ասել է տնտեսական հեղափոխություն»:

«Որպես նախկին լրագրող՝ նա, հավանաբար, հակված է տարբեր փոխաբերություններ օգտագործել, գեղարվեստական ձևակերպումներ տալ, բայց նա այլևս լրագրող չէ, ընդդիմադիր պատգամավոր չէ, վարչապետ է, և ցանկացած նման հայտարարություն պետք է անել զգուշորեն: Տնտեսական ոլորտին վերաբերող ամեն մի հայտարարություն կարող է ազդել ազգային արժույթի և այլնի վրա»,- նշեց Ալեքսեյ Մարտինովը:

Փորձագետը նկատեց, որ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունը տնտեսության ու բիզնեսի մեջ հեշտ գործ չէ, կորուստներն էլ անդառնալի են:

«Փաշինյանը մեղավոր չէ, որ այս ոլորտում մասնագետ չէ, բայց լավ կլիներ, որ փորձագետների, պրոֆեսիոնալների խորհուրդները լսեր, նույն նախագահ Արմեն Սարգսյանի, ով բավական փորձառու գործիչ է: Ամենայն հավանականությամբ Փաշինյանը չի լսում խորհուրդներ ու անում է անզգույշ հայտարարություններ»,- հավելեց Ա. Մարտինովը:

Պոպուլիստական են, նրա խոսքով, այն ձևակերպումները, որ տնտեսությունը պետք է ազատվի նախորդ իշխանությունների օլիգարխներից և այլն:

«Նման արտահայտություններ են անում «փողոցային հռետորները», և եկեք չմոռանանք, որ Փաշինյանը հենց նրանցից է եղել, բայց հիմա պետք է ավելի հավասարակշռված լինել:

Կան օրենքներ, կա Քրեական օրենսգիրք, դատարան, որոնք կորոշեն՝ ով է հարկեր վճարում, ով՝ ոչ: Հայաստանում այս ամենը կա, բայց սա պետք է աշխատի: Թե ինչումն է հեղափոխությունը, չգիտեմ: Երևի, լրանում է «թավշյա հեղափոխության» 1 տարին»,- նշեց Ալեքսեյ Մարտինովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել