«Աղքատությունը մեր գլուխներում է» աղմուկ հանած արտահայտության մեջ ամեն ինչ դառնում է հասկանալի, եթե «աղքատություն» բառը փոխարինենք «խեղճություն» բառով, որը գրեթե հոմանիշ է:
«Խեղճությունը մեր գլուխներում է» և «Ես հաղթահարել եմ խեղճությունն իմ գլխում». եթե սա հասկանալի կլիներ ֆինանսական խղճուկ վիճակից բարեկեցության հասած գործարարի դեպքում, ապա ինչո՞ւ հասկանալի չէ քաղաքական խեղճ վիճակից երկրի ղեկավար դարձած մարդու դեպքում: Իրոք, միայն իր և մյուսների քաղաքական և քաղաքացիական խեղճությունն իր գլխում հաղթահարած մարդը կարող էր նայել Ս. Սարգսյանի աչքերի մեջ և ասել, որ նա պետք է խաղաղ ճանապարհով հանձնի իշխանությունը: Պատահական չէ, որ «խեղճ, ընկճված» քաղաքացիներին դիմելու համար ընտրված էր «հպարտ քաղաքացիներ» արտահայտությունը: Իսկ եթե խոսքը գնար միայն նյութական իմաստով «աղքատ» քաղաքացիների մասին, ապա դրա հականիշը կլիներ ոչ թե «հպարտ», այլ «հարուստ կամ ապահովված քաղաքացիներ» արտահայտությունը:
Ցավոք, մենք՝ շարքային քաղաքացիներս, պետք է ինքնուրույն գլխի ընկնենք վարչապետի ուղերձների բուն բովանդակության մասին, մինչդեռ այս ամենը կարելի էր անել պետական մակարդակում ավելի համակարգված, արդյունավետ և ժամանակին: