Վարչապետն ասում է․ «ՀԴՄ կտրոն կպահանջեք՝ վթարային շենքերը կկառուցվեն, չեք պահանջի՝ չեն կառուցվի»։ ԱԺ նախագահն ասում է․ «ՀԴՄ կպահանջեք՝ ջրամբար ու դպրոց կկառուցվի, չեք պահանջի՝ չի կառուցվի»։
Իսկ ինչպե՞ս եղավ, որ առանց ՀԴՄ պահանջելու այսքան բան կառուցվեց։
Երբ սկսեցին ՀԴՄ-ները զանգվածային մտցնել՝ 2008-ի՞ն, 2007-ի՞ն, թե՞ դրանից էլ մի տարի առաջ՝ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ խանութպաններն ու ծառայություն մատուցողները ցույցեր էին անում ՀԴՄ-ների դեմ, նրանց աջակցում էր Արթուր Բաղդասարյանը, այդպես երկու անգամ հետաձգեցին։ Մեկ էլ հիշում եմ որ Դավթաշենի կամուրջը, Դիլիջանի թունելը, Հյուսիսային պողոտան, աղետի գոտու շինարարության ստվար մասը, Երևանի բազմաթիվ անավարտ շենքերը, փողոցների շինարարութունը, Այրարատ կինոթատրոնն ու Բաղրամյան պողոտայի կամուրջ-ճանապարհները կառուցվեցին այն ժամանակ, երբ ՀԴՄ-ներ չէին պարտադրում (էլի լիքը շինարարություն եղավ, որ չեմ հիշում)։ Իսկ այն ժամանակաշրջանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀԴՄ-ների կարևորությունը սկսեց թմբկահարել, գրեթե նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, ու նույնիսկ ՀԴՄ կտրոնի խաղարկություններ մտցրեց, որ սպառողները շահագրգռված լինեն ՀԴՄ պահանջել, ու պետք է ասել, որ աշխատեց՝ շատերը սկսեցին պահանջել ՀԴՄ-ներ, շատ քիչ բան կառուցվեց։ Ի՞նչ կառուցվեց, հիշեցրեք։ Հյուսիս-հարավ ճանապարհը չկառուցվեց։ Ինչո՞ւ, երկիրը քրեաօլիգարխի՞կ էր։ Բայց էն ժամանակ, որ շինարարություն էր գնում, էլի ասում էին՝ երկիրը քրեաօլիգարխիկ է։
Հա, մեկ էլ ասում են, թե երկիրը քրեաօլիգարխիկ չէր մինչև 1998 թիվը, բայց էն ժամանակ էլ ընդհանրապես բան չէր կառուցվում։ Չէ, ինչ-որ բան կառուցվում էր․ Վանո Սիրադեղյանի ու Վազգեն Սարգսյանի տները և Նոր Արեշում «Պոլե չուդես» հարուստների թաղամասը կառուցվեցին։
Հա, մոռացա, 2005-2010-ական թվերին (կոնկրետ թիվը չեմ հիշում) բազմաթիվ վթարային շենքեր ամրացվեցին, և մի շարք վթարային շենքեր էլ լիկվիդացվեցին, ու բնակիչներին նորակառույց շենքերում բնակարան տվեցին, և նրանց ոչ ոք չէր ասում՝ ՀԴՄ կտրոն կպահանջես՝ բնակարան կտանք, չես պահանջի՝ պանելների տակ կլխճվես։
Ինքս եմ ականատես եղել՝ Աջափնյակում մեր շենքի հարևանությամբ էր, որ շենքերի մի մասն ամրացնում, մի մասը քանդում էին, ու բնակիչներին բնակարան տալիս։ Հետո ինչ-որ պահի այս պրոցեսը կանգնեց, ու մեր շենքն այդպես էլ մնաց վթարային։