Armenpress.am-ը գրում է.

Կառավարությունը հավանություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որը ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց, որ փոփոխությունների արդյունքում օրենքի գործողությունը երկարաձգվում է եւս մեկ տարով, ինչը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը եւ, վերադառնալով հայրենիք՝ ազատվել քրեական հետապնդումից:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ հերթական նման փոփոխությունը խնդիրը չի լուծում և պետք է վերջնական որոշում կայացվի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե դա ամրագրվի, որ մշտապես գործում է նման հնարավորություն, երիտասարդները կմտածեն, որ կարող են խուսափել բանակից, հետո գալ վճարել ու հարցը փակել:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հետախուզվողների 80-90%-ը զինծառայությունից խուսափելու համար հետախուզվողներն են, ինչն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: «Շատերը դեռ զորակոչային տարիքի չհասնելն են արտագաղթել ու արտերկրում են բնակվում, ինչը նրանց չի ազատում ծառայությունից: Մենք չենք կարող ասել, որ միշտ այս օրենքը լինելու է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Վարչապետը նշեց, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո պետք է հասկանալ այդ օրենքի արձագանքը, և ըստ այդմ կորոշվեն հետագա անելիքները: «Եթե սա չի խթանելու ներգաղթին շոշափելի ծավալներով, այդ թվում՝ ՊՆ եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենալու, շատ թվով մարդիկ են դրանից օգտվում, մանավանդ մեր այսօրվա ընկալումների հետ այս օրենքն այդքան էլ չի համապատասխանում, թե ինչպիսին պետք է լինեն պետության և քաղաքացու հարաբերությունները: Այսինքն՝ սա մի միջանկյալ գործողություն է, ու տարվա արդյունքներով կհասկանանք, թե ինչ պետք է անենք հետագայում: Եթե սա կդառնա իսկապես ներգաղթը խթանող կոնկրետ գործիք, իմաստ կունենա դրա մասին մտածել ու շարունակել, եթե այդպես չի լինի, ես էլ համաձայն եմ, որ անընդհատ երկարացնելը որևէ իմաստ չունի»,- ասաց վարչապետը:

Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս օրենքի գործողությունն արդեն 9-րդ անգամ է երկարացվում, ու ակնհայտ է, որ այլ լուծում է պետք:

Վարչապետը նշեց, որ պաշտպանության նախարարի հետ ևս քննարկել են խնդիրը, կան մի քանի գաղափարներ: «Այնպես չէ, որ կա ակնհայտ լավ գաղափար, որ բոլոր հարցերի պատասխանները տալիս է, որովհետև հարցը շատ բազմակողմ է: Այնպես որ, համաձայն եմ, որ պետք է մտածել ինչ-որ ամբողջական ու ինստիտուցիոնալ դիրքորոշում, որը տեւական կլինի և անընդհատ այսպիսի խաղի տպավորություն չթողնի»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել