Մենք շատ ենք ասում «Մեր Սփյուռքը․․․», «Սփյուռքը պետք է․․․», «Հայաստանի համար Սփյուռքը․․․» ու էլի նմանատիպ այլ նախաբաններով սկսվող և, որպես կանոն, բավականին մեծ պաթոսով համեմված, բայց և այնպես, խիստ անորոշ ու աբստրակտ բաներ։

Ժամանակակից աշխարհում կա հայկական գործոն, և կա հայակական պետություն, բայց միշտ չէ, որ մենք կարողանում ենք երկուսը համադրել ու ի նպաստ մեկը մյուսի օգտագործել, ավելին՝ ժամանակակից աշխարհի հաղորդակցման ամենահասկանալի լեզուն բիզնեսն է, փոխշահավետ բիզնեսը։

Եթե մենք կարողանանք ճիշտ մոբիլիզացնել մեր մարդկային կապիտալը դրսում, այդ կապիտալն իր ֆինանսական կապիտալով կկարողանա բիզնեսի ճիշտ լեզվով խոսել իր ռեզիդենտ երկրում։ Դրանից կշահի ոչ միայն անհատը, ոչ միայն սփյուռքի տվյալ օջախը, այլ Հայաստանի Հանրապետությունը։ Ասածիս վառ, բայց, ցավոք սրտի, առայժմ եզակի օրինակներից մեկն է Կամո Ավագումյանը, ում «Էլիտգրուպ» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանում ու խոշոր և ժամանակակից գործարան է կառուցելու Մոսկվայում։

Հայ բիզնեսմեններ շատ կան՝ այս կամ այն մակարդակի հաջողակությամբ ու հնարավորություններով, բայց Ավագումյանի տիպի գործարարները մթնոլորտ են ձևավորում ու դա անում են ոչ միայն տնտեսական ոլորտում, այլ, այսպես կոչված, հումանիտար քաղաքականության, որովհետև մարդը հիմա Մոսկվայում շուրջ 500 աշխատատեղ կստեղծի, տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում կանի ու կդառնա հայ-ռուսական համագործակցության պոզիտիվ օրինակ, որը մատնանշելը շահեկան է ինչպես ռուսական կողմին, այնպես էլ հայկականին՝ դրանից բխող տնտեսական, քաղաքական ու հոգեբանական բոլոր հետևանքներով։

Ըստ իս՝ դրսի հայերի հետ հետագա աշխատանքի բանալին հենց պետք է լինի այդպիսի մտայնությունը, որ ՀՀ-ն Կամո Ավագումյանի պես հայերին ոչ թե դիտարկի որպես պոտենցիալ քսակ կամ էլ ուղղակի ունևոր հայ, այլ որպես ՀՀ պետական շահի առաջխաղացմանը նպաստող գործոն, որոնց պետք է նեցուկ կանգնել, քաջալերել, ճանաչելի դարձնել ու ընդօրինակման առարկա, այլ ոչ թե հարուստ ու գործարար հայից լավագույն դեպքում ստեղծել հեռուստամարաթոնի շրջանակներում մի որոշ ափով հանգանակող կերպար, իսկ վատագույն դեպքում՝ դեմոնիզացված թշնամու կերպար, ինչն արվում է հիմա։

Ամեն դեպքում մնում է հուսալ, որ Ավագումյանի այս ձեռնարկությունը հաջողությամբ կպսակվի, ու նրա օրինակն էլ եզակի չի լինի, որովհետև որքան հաջողի Ավագումյանը, որքան հաջողեն նրա մտայնության հայ մարդիկ, այնքան մեծ հեռանկարներ են բացվում Հայաստանի ու հայության համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել