Յուրաքանչյուր առավոտ սկսվում է նախաճաշով։ Նախաճաշում են բոլոր մարդիկ՝ անկախ նրանից, թե երկրագնդի որ անկյունում են գտնվում։ Իհարկե, յուրաքանչյուր վայրում ճաշատեսակները տարբեր են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում սովորաբար բավարարվում են մի քանի յուղաբլիթով և բեկոնով, իսկ Թայլանդում նախընտրում են խոզի մսով կամ ձկով բրինձ։ Ինչպես հայտնի է, ճաշակին ընկեր չկա։
Մեր ճանապարհորդությունը սկսենք Անգլիայից։ Մառախլապատ Ալբիոնի բնակիչները հագեցնող նախաճաշ են նախընտրում։ Այն ներառում է մի քանի գդալ լոբի, մեկ-երկու նրբերշիկ, բեկոն, ձվածեղ և սունկ։ Այս ամենը տեղադրում են մեծ ափսեի վրա։ Թեյի համար պարաստում են տոստեր։
Գերմանական նախաճաշն ավելի ասկետիկ է։ Այն կազմված է տեղական երշիկներից, պանրից, թարմ հացից և մեկ բաժակ թունդ սուրճից։
Ֆրանսիացիները որակը գերադասում են քանակից։ Առավոտյան նրանք բավարարվում են կրուասաններով, մեկ կտոր շոկոլադով և կարագով։
Շվեդական նախաճաշը կզարմացնի բոլորին։ Թեև ճաշատեսակի անվանումը բավականին անսովոր է՝ «պաննկակոր», այն յուղաբլիթ է՝ լցոնված քաղր հատապտուղներով։
Իրանում նախաճաշին պարտադիր մատուցում են հացահատիկից պատրաստված թխվածքաբլիթ, որը կոչվում է «նան» կամ «նաան»։ Ճաշատեսակներն ընդլայնվում են հալիմի պատրաստմամբ, որը բաղկացած է հացահատիկից, դարչինից, որի վրա ավելացվում են յուղ և շաքար։ Այս ամենին գումարվում է նաև մեկ կտոր միս։ Հալիմը համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակով։ Սեղանի վրա ավելորդ չի լինի նաև իրանական եղանակով պատրաստված ձվածեղը։
Ֆիլիպինցիների նախաճաշը կազմված է մի քանի նրբերշիկներից, որոնք կարմրեցվում են պղպեղի հետ միասին։ Այս ճաշատեսակը կոչվում է «սինանգագ»։ Այն մատուցում են եփած բրնձի հետ։
Ճապոնացիները նախաճաշին անպայման ուտում են ձկով կամ տոֆույով բրինձ և սոյայի սուս։
Թայլանդում բրնձի հետ միասին մատուցում են նաև քաղցր ձուկ կամ խոզի միս։