Panorama.am-ը գրում է.

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արկադի Խաչատրյանը վարչապետին հարցրեց՝ եթե կառավարությունն առանցքային մոտեցում ունի ծրագրերի նկատմամբ, ինչո՞ւ չափելի ցուցանիշներ չկան ներկայացված փաստաթղթում, և եթե որևէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի կառավարությանը, այն կընդունվի՞, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով պատգամավորի հարցին նշեց. «Ես ուզում եմ շատ կոնկրետ մի հարցի պատասխան ստանալ՝ երբ մենք ասում ենք 2023 թվականին Հայաստանում ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափելի՞ է, թե՞ չափելի չէ: Շատ կոնկրետ ցուցանիշ է, ավելի կոնկրետ չի լինում՝ պետք է ծայրահեղ աղքատություն չլինի: Մենք այս խնդիրը հստակ ձևակերպում ենք: Ենթադրենք, հիմա գրեինք՝ աղքատությունը պետք է կրճատվի 7 տոկոսով և մեր գործունեության արդյունքում կրճատվեր 5.9 տոկոսով, ձեր խմբակցությունն ի՞նչ էր անելու՝ ասելու էր կառավարությունը գրել է 7 տոկոս, բայց 5 տոկոսով է կրճատել, շատ վատ է, անմիջապես թող հրաժարական տա»: 

Վարչապետն անկեղծացավ, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից որոշ հարցեր և ելույթներ լսելիս առյուծի անեկդոտն է հիշում:

«Ասում է, որ անապատում առյուծը հետևիցդ ընկած լինի, ի՞նչ կանես, ասում է` ծառը կբարձրանամ, հետո ասում է` ծառ չկա, ասում է`սարը կբարձրանամ, ասում է` չէ, սար չկա, ասում է` չհասկացա՝ դու իմ կողմից ե՞ս, թե՞ առյուծի: Հիմա ձեր ուզածն ի՞նչ է, որ էդ փոփոխությունը լինի՞, թե՞  չլինի: Ձեր հարցերի կոնտեքստում զգում եմ, որ դուք վախենում եք ոչ թե  նրանից, որ այդ ծրագիրը չի իրականանա, այլ  որ՝  կիրականանա: Եթե դրանից եք վախենում, ուրեմն ճիշտ եք անում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ի պատասխան՝ Արկադի Խաչատրյանն ասաց, թե շատ են ուզում՝  ծրագիրն իրականացվի, ավելին՝ աջակցելու են իրականացմանը. «Ես կառուցողական համագործակցության կողմնակիցն եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել