Lifelong learning հայեցակարգը վաղուց դարձել է սովորական երևույթ, իսկ անդադար ուսուցումը՝ անհրաժեշտություն, սակայն շատերը սկսում են որևէ նոր բան յուրացնել և կես ճանապարհին մոտիվացիայի և ինքնատիրապետման պակասի պատճառով դադարեցնում են։

Դասընթացների կազմակերպիչներն ամեն ինչ այնպես են կազմակերպում, որ որքան հնարավոր է շատ ուսանող հասնի դասընթացի ավարտին։ Դրա համար նրանք օգտագործում են անդրագոգիկա (մեծահասակների սովորելու գիտություն) և ուսուցչական դիզայն։ Այս հոդվածում հավաքված են այն հիմնական տեխնիկաները և խորհուրդները, որոնք կարող են օգնել ինքնուսուցումը մինչև վերջ հասցնել։

Մի սովորեք այն ամենը, ինչը ձեզ պետք չէ կամ հետաքրքիր չէ

Մեծահասակներն այն ժամանակ են ջանասիրաբար սովորում, երբ հասկանում են, որ այդ գիտելիքներն ինչ-որ բանի համար պետք են գալու։ Որևէ նոր լեզու, մասնագիտություն կամ բնագավառ յուրացնելուց առաջ հարցրեք ձեզ՝ ինչո՞ւ։ Եթե դուք չեք գտնում պատասխանը, ապա ավելի լավ է ժամանակ չծախսեք և ուրիշ բանով զբաղվեք։

Տեսական գիտելիքները միանգամից օգտագործեք գործնականում

Բոլոր հնարավոր միջոցներն օգտագործեք, որպեսզի ձեր նոր գիտելիքներն օգտագործեք գործնականում։ Եթե խոսքը գնում է օտար լեզվի մասին, ապա ֆիլմեր կամ մուլտֆիլմեր նայեք, փորձեք գրքեր կամ նորություններ կարդալ։ Եթե դուք նոր մասնագիտություն կամ համակարգչային ծրագիր եք յուրացնում, ապա ձեզ համար նոր ուսումնական նախագիծ մտածեք կամ ձեր նոր գիտելիքները կիրառեք որևէ բարեգործության համար։

Պարգևատրման համակարգ ստեղծեք

Ուսումնական պլան կազմեք և ձեզ համար պարգևատրումներ մտածեք՝ հաջողության ժամանակ ձեզ պարգևատրելու համար: Կարելի է ստեղծել պարզ համակարգ․ ամեն օր առաջադրանքներ կատարելուց հետո, որպես խրախուսանք, ձեզ համար համեղ սնունդ պատրաստեք կամ ֆիլմ դիտեք կամ էլ այցելեք լողավազան։

Սկսեք սովորեցնել ուրիշներին

Որևէ բան լավ սովորելու ամենալավ միջոցներից մեկը նույնից ուրիշին սովորեցնելն է։ Սկսեք օգնել ուրիշներին, օրինակ՝ թեմատիկ խմբերում պատասխանեք անծանոթների հարցերին։ Ուզեք, թե չուզեք, դուք պետք է լավ յուրացնեք այն թեմաները, որոնք բացատրում եք ուրիշներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել