Armtimes.com-ը գրում է.
Հայաստանում սպորտի կառավարման հարցում խառնաշփոթ է տիրում: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Թաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում համակարգել այս ոլորտում աշխատանքները եւ ինչպես է աշխատելու զարգացման ուղղությամբ այն դեպքում, երբ մարզադպրոցները տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ են: Նա նշեց, որ կրթության նախարարությունը, մարզական ֆեդերացիաներն ու մարզադպրոցները, ինչպես նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այս հարցում պետք է համագործակցեն:
«Նախ այնպես չէ, որ բոլոր մարզադպրոցները պատկանում են ՏԻՄ-երին: Մարզադպրոցների մի հսկայական մասը գտնվում է կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ: Հետաքրքիր է, որ նույնիսկ սպորտի նախարարության առկայության պարագայում մի շարք սպորտդպրոցներ գտնվում էին կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ: Այո՛, կան, որ քաղաքապետարանների, համայնքապետարանների ենթակայության տակ են: Կան մարզադպրոցներ, որոնք ենթարկվում են մարզական ընկերություններին, եւ այդ ոլորտում խառնաշփոթ է տիրում: Եվ այո՛, այստեղ պետք է կարողանանք միասնական քաղաքականություն վարել: Այդ է պատճառը, որ մենք կառավարության կառուցվածքի մեջ իրականցնում ենք այսպիսի մոտեցում, որ սպորտի եւ կրթության նախարարությունները միացվեն, որպեսզի նաեւ այդպես քաղաքականությունը լինի միասնական:
Ընդհանուր առմամբ, այդ ոլորտում մենք պատկերացնում ենք, որ պետք է շատ սերտ համագործակցություն լինի մարզական ֆեդերացիաների եւ ՀԱՕԿ-ի հետ, որպեսզի մենք մեր քաղաքականությունները ոչ միայն սինխրոնիզացնենք, այլեւ որոշակի ֆինանսական հոսքերը կարողանանք ավելացնել եւ ավելի խոշոր ֆինանսական հոսքեր ուղղենք մարզադպրոցներին, որպեսզի կարողանանք մանկապատանեկան սպորտի սինխրոն զարգացում ապահովել: Այսինք՝ նախ պետական կառավարման իմաստով պետք է հնարավորինս կենտրոնացնել՝ ֆինանսավորումը հնարավորինս մեծացնելու նպատակով, եւ մարզական ֆեդերացիաների ու ՀԱՕԿ-ի հետ համագործակցության դաշտը մեծացնել, որպեսզի նաեւ նոր ֆինանսական հոսքեր եւ մասնագիտական կարողություններ ներդրվեն այդ ոլորտում»,- ասաց Փաշինյանը:
Կրթության նախարարությունը, որը պատասխանատու է լինելու այս ոլորտի համար անվանափոխության է ենթարկվել: Փետրվարի 2-ին հայտարարվել էին 12 նախարարությունների անունները, եւ այդ նախարարության անվան մեջ սպորտ բառը չկար: Այսօր հայտնի է դարձել, որ նախարարությունը կկորվի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: