Azatutyun.am-ը գրում է.

Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի ևս մեկ քաղաքացի: Երեկ վերջինիս ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է 101 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: 1963 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացին նախաքննական մարմնին հայտնել է, որ թմրամիջոցը իրացնելու նպատակով ձեռք է բերել նույն քրեական գործի շրջանակում ձերբակալված՝ 1971 թվականին ծնված ԻԻՀ քաղաքացուց, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ավելի վաղ՝ փետրվարի 9-ին, Քննչական կոմիտեի և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում Երևանի Ռոստովյան և Արցախի փողոցների հատման խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երևանի մի բնակիչ՝ ծնված 1980 թվականին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված, 1959, 1980 և 1971 թվականներին ծնված Իրանի երեք քաղաքացիներ, ինչպես նաև նրանցից մեկին հիշյալ տարածք հասցրած տաքսու վարորդը։ Բերման ենթարկված իրանցիների մոտ հայտնաբերվել են «հերոին», «հաշիշ» և «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ՝ մի քանի հարյուր գրամ ընդհանուր զանգվածով: 48-ամյա և 60-ամյա իրանցիները ձերբակալվել են՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարք («թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել