Ուրեմն՝ 1919-ի փետրվարին մեր պատվիրակությունը Փարիզում էր, ու աշխարհին ներկայացնում էինք, թե ինչ ենք ուզում։ Ուզում էինք էնպիսի մի տարածք, որը եթե հանկարծ որոշեին մեզ տալ, անմիջապես համաշխարհային նոր պատերազմ կսկսվեր։ Բայց էս՝ դեռ մի կողմ...
Ահարոնյանը հարցազրույց է տալիս ֆրանսիական Temps թերթի խմբագրին, ընդ որում՝ հարցազրույցի նախաձեռնությունը խմբագրինն էր (հիշում եք, չէ՞, մենք էնպիսի բան էին ուզել, որ...)։ Էս խմբագիրն անմիջապես հարցնում է՝ Կիլիկիայի մասին ի՞նչ կասեք։ Ահարոնյանն էլ, թե՝ մեզ պետք է ելք դեպի ծով, ընդ որում՝ մեծ ծով (ենթադրում եմ, որ մեծ ծովը Միջերկրականն էր, փոքրը պիտի որ Սևը եղած լիներ)։ Էս խմբագիրը բառացի ասում է․ «Կիլիկիան ստանալու ձեր ցանկությունը ինձ խիստ տխրեցնում է, Ֆրանսիան չի կարող համաձայնել ձեզ հետ»։ Ահարոնյանը ասում է՝ Կիլիկիա, թագավորություն, Լևոն 5-րդ, բան... Էս մարդը, թե՝ դրանք խորը անցյալում են մնացել։
Վերջում խմբագիրն ասում է, որ ցավում է, որ «Հայաստանը դեռ չկազմավորված իմպերիալիստական հովեր է առնում»։
Իհարկե, այդ պահին Ահարոնյանը չգիտեր, թե ինչ է լինելու Կիլիկիայում։ Մենք գոնե գիտենք։