Ադրբեջանական բանակը խաղաղության նախապատրաստվելու միտք չունի։ Դա է փաստում հատկապես վերջին շրջանում ադրբեջանական բանակի ղեկավարության կողմից հայտարարությունների ու անհադուրժողականության մթնոլորտի տարածումը։ Նախ՝ սահմանապահ զինծառայողի շուրթերով տարածում են հայերին առաջնագծում ոչնչացնելու կոչեր, հետո արդեն պաշտոնապես երկրի պաշտպանության նախարարը հրամաններ է տալիս զորքերի հրամանատարներին, որպեսզի առաջնագծում առավել ակտիվ լինեն։
Այսինքն՝ Զաքիր Հասանովը թքած ունի այն պայմանավորվածության վրա, ըստ որի՝ պետք է հասարակությանը պատրաստել խաղաղության։ Թքած ունի, քանի որ հրամանատարներին հրամայում և պահանջում է, որ առաջնագծում կատարվող գործողություններն առավել ադեկվատ և ակտիվ լինեն։
Հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարը կա՛մ ինքնագլուխ գործողություններ է ծրագրել, որին ես չեմ հավատում, կա՛մ ունի երկրի ղեկավարի համաձայնությունը, որպեսզի առաջնագծում ավելի լարի իրավիճակը, որն այս դեպքում առավել հավանական տարբերակն է։
Հիշեցնենք, որ հենց այդ իրավիճակի լարման արդյունքում 2 օր առաջ ադրբեջանական բանակը հերթական զինվորը կորցրեց, որի մասին, չգիտես ինչու, Զաքիր Հասանովը չի խոսել, ու պաշտոնապես չեն հայտարարել։ Ու մեծ է հավանականությունը, որը այդ զոհը միակը չէ։