Armenpress.am-ը գրում է.

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում Հանրապետությունում այսուհետ գործելու է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։ Այն տեղակայված կլինի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: Նրա խոսքով՝ նման մտադրություն ժամանակին եղել է, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է:

«Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորումը հնարավորություն կտա կենտրոնացնել մեր միջազգային կապերն այս ոլորտում», -ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր քաղցկեղով և արյան հիվանդություններով 10 երեխաներից 7-ը կատարյալ բուժվելու հնարավորություն ունի: 

Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը շրջեց կենտրոնով, ծանոթացավ պայմաններին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բժիշկներ եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ ԵՊԲՀ-ում տեղի ունեցող Մանկական ուռուցքաբանության միջազգային կոնգրեսի մասնակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել