«Ձյուն մաքրողը» ֆիլմի ստեղծողները չեղարկել են «կարմիր գորգը» և ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ ընդունելությունը, իսկ գլխավոր դերակատար Լիամ Նիսոնին արգելել են երևալ կինոթատրոնում ֆիլմի ցուցադրության ժամանակ, հաղորդում է ES-ը:

Այս ամենի պատճառ է հանդիսացել դերասանի անզգույշ արտահայտությունը, որը շատերը ռասիստական են համարել: Independent-ին տված հարցազրույցի ժամանակ Լիամ Նիսոնը պատմել է անցյալում իր հետ պատահած միջադեպի մասին. արտերկրից վերադառնալով նա իմացել է, որ ընկերուհին բռնաբարության զոհ է դարձել: Ավելի ուշ աղջիկն ասել է, որ հանցագործը սևամորթ է եղել: Դերասանը խոստովանել է, որ վրեժ լուծելու մեծ ցանկություն է ունեցել. «Ես երեկոյան քայլում էի փողոցներով ծանր մահակը ձեռքիս և սպասում, որ ինչ որ սև տականք դուրս կգա իմ դեմ, որպեսզի սպանեմ նրան»:

Լիամը խոստովանել է, որ ամաչում է հիշել այդ ժամանակաշրջանը: Նիսոնը նույնիսկ ստիպված է եղել օրական երկու ժամ վազել և խոստովանությունների հաճախել՝ զայրույթի զգացումից ազատվելու համար: Բացի դրանից, դերասանի խոսքերով, եթե իր ընկերուհուն բռնաբարած հանցագործը սպիտակամորթ լիներ, ապա նրա արձագանքը նույնն էր լինելու:

Սկանդալից կարճ ժամանակ անց Լիամը հայտարարել է, որ ինքը ռասիստ չէ և խոսել է այդ խնդրի մասին. «Մենք բոլորս ձևացնում ենք, որ այս երկրում բոլորս քաղաքականապես ճիշտ ենք: Պարզապես, երբեմն պետք է ավելի խորը նայել, և դուք այնտեղ կտեսնեք ռասիզմ, ֆանատիզմ և մնացած ամեն ինչ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել