Armtimes.com-ը գրում է.

Այսօր Վրաստանի «Քրոնիկա +» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Կիլաձեն հարցաքննվել է դատախազությունում, հայտնում է aliq.ge-ն:

Կիլաձեն հայտարարել է, որ Բադրի Պատարկացիշվիլիի սպանության պատրաստման գործով հետաքննություն է ընթանում, իսկ ինքը վկայի կարգավիճակ ունի:

Էլիսո Կիլաձեն երկու տարի առաջ հետաքննությանը ձայնագրություններ է փոխանցել: Նրա խոսքով, ձայնագրությունում հայտնի չեչեն դաշտային հրամանատարն ընդունում է, որ իր հետ կապի է դուրս եկել սահմանադրական անվտանգության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա և պատվիրել Պատարկացիշվիլիի սպանությունը:

«Որքանով գիտեմ Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը կազմակերպելու գործով հետաքննություն է սկսվել: Ամենայն հավանականությամբ, գործը վերաբերում է նրան, որ 2 տարի առաջ դատախազությանը փոխանցեցի ձայնագրություններ, որտեղ չեչեն հրամանատար Ուրաիս Ախմեդովն ընդունում է, որ իր հետ կապի է դուրս եկել սահմանադրական անվտանգության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա և պատվիրել Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը»,- ասում է Կիլաձեն:

Նշենք, որ Էլիսո Կիլաձեն ղեկավարել է Վրաստանի նախագահի նախկին թեկնածու, մեծահարուստ Բադրի Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել