168.am-ը գրում է.

Եգիպտոսում հայտնաբերել են հին դամբարան, որտեղ գտնվում են 50 լավ պահպանված մումիաներ: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի Հնությունների գործերի նախարարությունը: Ինը մետր խորությամբ դամբարանը հայտնաբերվել է երկրի կենտրոնական մասում Մինյայի նահանգի Թունա Էլ Գաբալի շրջանում կատարված պեղումների ժամանակ:

50 մումիաները, այդ թվում 12 երեխաների աճյունները, գտնվել են թաղման չորս խցերում: Մումիաներից մի քանիսը փաթաթված են եղել գործվածքով, մյուսները՝ տեղավորված սարկոֆագների մեջ: Պեղումների ժամանակ նաեւ գտնվել են թաղման դիմակներ եւ խեցե հին իրեր:

Հնագետները կարծում են, որ դամբարանը վերաբերում է Եգիպտոսի պատմության հունա-հռոմեական ժամանակաշրջանին (330 – 305 թթ. մ.թ.ա.): Դա եգիպտացի հնագետների առաջին նման գտածոն է 2019 թվականին : Հնագետների կարծիքով՝ աճյունները կարող են պատկանել մարդկանց, որոնք զբաղեցրել են կարեւոր պաշտոններ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին, հաղորդել է BBC-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել