Չինաստանի իրավապահ մարմինները գտել են երեքամյա տղային, որին մոտ մեկ տարի առաջ ծնողները վաճառել էին անծանոթ ընտանիքին 200000 դոլարով, հաղորդում է South China Morning Post պարբերականը:

Երեխան ութ ամսականից ապրել է տատիկի և պապիկի հետ: 2018-ին, հերթական այցելություններից մեկի ժամանակ, ծնողները վերցրել են երեխային և վճարի դիմաց հանձնել օտար զույգի՝ որդեգրման նպատակով: Ստացված հասույթը նրանք հավասար բաժանել են:

Անցյալ տարվա դեկտեմբերին երեխայի պապը իմանալով եղելության մասին դիմել է ոստիկանություն: Տղան հայտնաբերվել է որդեգիր ծնողների մոտ: ԴՆԹ-ի թեստը հաստատել է արյունակցական կապը պապի հետ:

Որդեգիր ծնողները բերման են ենթարկվել, իսկ երեխայի ծնողներին քրեական պատասխանատվություն է սպառնում: Չինական օրենքներով, երեխաների առք ու վաճառքը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում. եղել են դեպքեր, երբ նման արարքների համար մահապատիժ է սահմանվել:

Այժմ երեխան տատիկի ու պապիկի մոտ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել