Ինքս՝ որպես տղամարդ ու որպես լրագրող, միշտ դեմ եմ եղել կանանց անձնական կյանք ներխուժելուն և դա շահարկելուն։ Դեմ եմ եղել նաև նրանց անխնա ծաղրելուն, նվաստացնելուն։ Այո, շատերին եմ քննադատել, հեգնել, երբեմն՝ սուր, բայց անձնական կյանք չեմ ներխուժել և աշխատել եմ չափը չանցնել։ Ի վերջո, կին են, կարող է մի տեղ սխալ են իրենց պահում, մի տեղ զավեշտալի բաներ են ասում, ոմանք էլ մի քիչ «բլանդինկա» են՝ ոչ միայն մազերով, բայց ի վերջո կին են, սիրուն չէ։ Էլ չեմ ասում՝ մենք էլ տղամարդ ենք, տղամարդուն հարիր չէ կնոջը նվաստացնել, ոչնչացնել, ծաղրել, առավել ևս՝ նրա բարոյական կերպարի շուրջ շահարկումներ անել։ Սա՝ իմիջիայլոց։

Հիմա՝ ավելի առարկայական։ Լավ եք անում, որ պաշտպանում եք Թագուհի Ղազարյանին, մերժում եք նրան ծաղրողներին, նրա անձնական կյանք ներխուժողներին, բայց եկեք ազնիվ գտնվենք․ երբ ՀՀԿ-ական կանանց էին նույն բախտին արժանացնում, ինչո՞ւ մեկիդ մտքով չէր անցնում պաշտպանել նրանց։ Դա ինչ-որ տեղ ինձ էլ է վերաբերում, ես էլ առանձնապես ջանք չեմ թափել նրանց պաշտպանելու հարցում։ Օրինակ՝ նույն Արփինե Հովհաննիսյանին։ Ջահել աղջիկ էր, առանց որևէ հիմնավորման, առանց որևէ փաստի, կոնկրետ անձանց կողմից տարածած բամբասանքներին տուրք տալով՝ ամենավերջին բառերն էիք գրում նրա հասցեին, ցեխոտ կոշիկներով ու աղտող մտքերով մտնում էիք նրա անձնական կյանք ու դուրս չէիք գալիս, ոմանք հասել էին ընդհուպ նրա քրոջը սպառնալուն։ Թագուհուց վա՞տ պատգամավոր էր Արփինեն, թե՞ Թագուհին է նրանից խելացի ու պրոֆեսիոնալ կամ Թագուհին է Եվրոպաներում ազերիների դեմ քյալլա տվել հանուն Հայաստանի։ Եւ ոչ միայն Թագուհին և ոչ միայն Արփինեն։ Բա ինչո՞ւ մեկդ գոնե մի կես խոսքով չէիք կշտամբում էդ քոմենթ գրողներին ու լկտի կոլաժներ անողներին, որ չի կարելի է, կին է, երիտասարդ է, շրջապատ ու ընտանիք ունի, դասախոս է, ի վերջո, և ուսանողներ ունի․․․ Ի դեպ, այդ նույն Թագուհուն վաղն իրական հարթակում իրապես պաշտպանողն էլի այդ նույն Արփինեն է լինելու․․․

Նույնը կարելի է ասել նաև Հերմինե Նաղդալյանի, Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի ու ՀՀԿ-ական մյուս կանանց մասին (իրենց սխալներով հանդերձ), նաև ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի և այլոց, որոնց թույլ տված ամենաչնչին սխալն իսկ, ըստ քաղաքական նպատակահարմարության, տարբեր առիթներով թրոլինգ էր արվում ամենազզվելի կոլաժներով և քոմենթներով։

Իսկ դուք գիտե՞ք, թե ես ինչ իրական պատմություններ գիտեմ նույն այդ նորաթուխ կին պատգամավորների անձնական բուռն ու խայտաբղետ կյանքից, այդ թվում՝ ամուսնացածների։ Կրկնում եմ՝ ոչ թե բամբասանք, այլ իրական պատմություններ։ Ի՞նչ անեմ, լրագրողական գրիչս ու ֆեյսբուքյան հարթակն օգտագործեմ այս կանանց անձնական կյանքը փորփրելու, նրանց վարկաբեկելու, նրանց բարոյականությունը շահարկելու համա՞ր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել