Միացյալ Նահանգների դատարանը Սիրիայի իշխանություններին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել Սիրիայում մահացած լրագրողուհի Մերի Քոլվինի ընտանիքին: Գումարի չափը 300 միլիոն դոլար է:

Հիշեցնենք, որ Քոլվինը և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օշլիքը զոհվել են 2012թ․ Հոմսում ռազմական գործողություններից մեկի ժամանակ: 2016 թվականի ամռանը ամերիկացու ընտանիքը մեղադրեց Սիրիայի իշխանություններին, որոնք իբր կանխամտածված են ռմբակոծել ստուդիան, որտեղ լրագրողները աշխատել և ապրել են:

Դատավոր Էմի Բերման Ջեքսոնն ասել է, որ համարձակության համար պարգևատրված Քոլվինը որպես թիրախ է ընտրվել ռմբակոծության համար, և կրկնապատկել է զոհի մերձավորներին տրվող սովորական փոխհատուցման չափը։

Մինչդեռ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նախկինում հայտարարել էր, որ Քոլվինը երկրում ապօրինի է գտնվել, և նրա մահը ողբերգական դեպք էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել