Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Եթե նախորդ տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21798 արձանագրություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 26698 արձանագրություն, այսինքն՝ նախորդ տարվա համեմատությամբ 4900-ով ավելի։
Եթե նախորդ տարվա հունվարին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել էին 498 ոչ սթափ վարորդի, ապա այս տարի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան ոչ սթափ վիճակում վարող 591 վարորդի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 93-ով ավելի։
Մեծ է նաև պահպանվող հատուկ տարածք տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։ Այս տարվա հունվարին պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 1115 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները։
Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը․ նախորդ տարվա հունվարին ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 37 մարդ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 21, այսինքն՝ 16-ով պակաս։