Մեր կյանքում տեղի են ունեում մի շարք իրադարձություններ, որոնք դժվար է հասկանալ։ Ինչո՞ւ են գուշակները ճիշտ գուշակում ապագան, իսկ կոտրված պատուհանները քաղաքում անկարգության պատճառ դառնում։ Գիտնականները վաղուց առաջ են քաշել տեսություններ, որոնք բացատրում են, թե ինչու են շուրջբոլորն անհասկանալի բաներ կատարվում։ Պարզվում է, որ մարդիկ գործում են սցենարին համապատասխան, և մեր վարքը կանխագուշակելն այդքան էլ դժվար չէ։

Կոտրված պատուհանների տեսություն

Կոտրված պատուհանների քրեաբանական տեսությունը ստեղծվել է ամերիկացի սոցիոլոգներ Ուիլսոնի և Քելինգի կողմից։ Գիտնականները փորձում էին պարզել, թե որն է 80-ականների Նյու Յորքում հանցագործությունների աճի պատճառը։ Նրանք եկել են եզրահանգման, ըստ որի՝ մանր զանցանքներն ազդում են բոլոր տեսակի հանցանքների վրա։

Օրինակ կյանքից։ Եթե շինության պատուհաններից մեկը ջարդված է, և այն չեն վերանորոգում, անցորդները սկսում են մտածել, որ բոլորը թքած ունեն, և անկարգության համար պատասխանատուներ չկան։ Շուտով այդ շինության բոլոր պատուհանները կջարդվեն, և թաղամաում անպատժելիության մթնոլորտ կստեղծվի։ Մարդիկ կմտածեն, որ ավելի լուրջ հանցանքների համար էլ չեն պատժվելու («Եթե ուրիշներին կարելի է, ապա մեզ ինչո՞ւ չի կարելի»)։

Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանը, ով այս տեսության կողմնակից էր, տեսության շնորհիվ կարողացավ քաղաքում հանցանքների քանակը կրկնակի կրճատել։ Այս տեսությունը կարելի է օգտագործել ամենուր՝ միջազգային հարաբերություններում, պետական մակարդակում, բնակարանում և աշխատավայրում։

Իրականության թունելների տեսություն

Այս տեսության համաձայն՝ մարդն աշխարհը տեսնում է իր կենսափորձի և համոզմունքների զտիչների միջոցով։ Մեր իրականության թունելների ստեղծման համար հիմք են հանդիսանում դաստիարակությունը, կրթությունը, ուրախությունները և անհաջողությունները, այդ պատճառով էլ միևնույն երևույթին մարդիկ տարբեր կերպ են արձագանքում։

Օրինակ կյանքից։ Վերցնենք դա Վինչիի «Ջոկոնդան»։ Նրան նայելիս մեկը նկատում է կախարդական ժպիտ, իսկ մյուսը՝ մաթեմատիկական կատարելություն։ Իսկ երրորդը կտեսնի առանց հոնքերի կնոջ։ Այս երեք տեսակետներն էլ ճիշտ են, բոլորն էլ ապրում են իրենց թունելներում և հավատում են իրենց ճշմարտացիությանը։ Տեսության համաձայն՝ համընդհանուր ճշմարտության թունել գոյություն չունի և չի էլ կարող ունենալ։ Սեփական թունելից փախչելը շատ դժվար է։

Անանուն հեղինակության տեսություն

Այս տեսության համաձայն՝ կախարդական խոսքերի միջոցով շատ հեշտ է կառավարել մարդկանց։ «Գիտնականները նշում են» կամ «մասնագետները հավաստում են» և նմանատիպ մի շարք այլ արտահայտություններ, որոնց գիտական հետազոտության հղումները չկան, հեշտորեն ընդունվում են մարդկանց կողմից։ Մենք անգիտակցաբար լսում ենք անանուն հեղինակություններին, ովքեր, հնարավոր է, գոյություն չունեն։

Օրինակ կյանքից։ Դեղահաբերի գովազդում ասվում է, որ դրա արդյունավետությունն ապացուցված է գիտնականների կողմից։ Դիտողի մոտ այս պնդման հանդեպ վստահություն է առաջանում․ ինպե՞ս կարելի է չհավատալ գիտնականներին։

Մի հավատացեք անդեմ տեղեկություններին։ Գովազդում, թերթերում և համացանցում կան արտահայտություններ, որոնք բացահայտում են սուտը։ Ահա դրանցից մի քանիսը․

  • Արտահայտություններ, որոնք հստակ թիվ չեն նշում՝ «շատ գիտնականներ», «որոշ մարդիկ» (ովքե՞ր են բոլոր այդ մարդիկ)։
  • Պասիվ բառերի օգտագործում՝ «համարվում է»։
  • Մինչև 100% (դա որքա՞ն է՝ 2%, իսկ միգուցե 99%)։

Յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակի համար ապացույցներ են հարկավոր։ Հավատացեք միայն նրանց, ովքեր կարող են դրանք ներկայացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել