70-ական թվականներին Նոբելյան մրցանակի դափնեկիր Լինուս Պաուլինգը հայտարարեց այն մասին, որ վիտամին C-ն մրսածության ու դրա կանխարգելման համար գերազանց միջոց է: Նա հաձնարարում էր ամեն օր օգտագործել այդ վիտամինի 1000 մգ չափաքանակ: Վաղուց է քննարկվում այն հարցը, թե որքանով է անվտանգ վիտամինի օրական այս չափաքանակը:
Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի (նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության) պաշտոնական բժշկությունը հանձնարարում է օգտագործել վիտամին C-ի ընդամենը 45-95 մգ օրական չափաքանակ՝ նախազգուշացնելով այն մասին, որ դրա չափից շատ չափաքանակը (1000 մգ և ավելի) օրգանիզմի վրա վտանգավոր ազդեցություն կթողնի:
Շարունակելով Պաուլինգի թեորեմը, այնուամենայնիվ, շատ մասնագետներ գտնում են, որ մրսածության առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկ է ընդունել ասկորբինաթթվի «հարվածային» չափաքանակ` 2000-ից 3000 մգ: Իրենց հանձնարարականները նրանք բացատրում են վիտամին C-ի հզոր հակաօքսիդանտային հատկություններով: Մրսածության բուժման հետագա օրերին օրական չափաքանակը կրճատվում է՝ հասնելով 200 մգ-ի:
Իսկ ինչ են ասում ընդդիմադիրները: Նրանք չեն բացառում, որ այդ կերպ հնարավոր է կրճատել հիվանդության ընթացքը և մեղմել ախտանշանները: Լիովին կանխել հիվանդությունը՝ ընդունելով վիտամին C, չի հաջողվի, չնայած 50%-ով նվազում է ռիսկն այն մարդկանց մոտ, ովքեր հակված են ֆիզիոլոգիական սթրեսների (ցածր ջերմաստիճանի պայմաններով երկար գտնվելը, երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածությունները):
Իսկ վտանգը հետևյալն է. վիտամին C-ի մեծ քանակությունն ընդունվում է որպես ավելցուկ և օրգանիզմից դուրս գալիս, հաճախ հրահրում է ստամոքս-աղիքային ուղու խանգարումներ: Գոյություն ունեն նաև ավելի վատ բարդություններ՝ զարկերակի վնասման հավանականություն, անոթների պատերին խոլեստերինային կուտակների ձևավորում: Ըստ երևույթին, մեզանից յուրաքանչյուրն ինքնուրույն պետք է որոշի մրսածության ժամանակ օրական ինչ քանակությամբ վիտամին C ընդունել: Իհարկե, ավելի լավ է վիտամին C-ի դեղահաբերին դիմել ամենավերջում՝ փոխարինելով այն թարմ մրգերով ու բանջարեղենով՝ բուլղարական կարմիր տաքդեղ, ելակ, սև հաղարջ, կիտրոն, կաղամբ, մասուր, կիվի, անանաս, մանգո, նարինջ, և այլն: