Բաժանման տարբեր ձեւեր կան: Մարդիկ կարող են իրարից բաժանվել՝ անձնական կամ հասարակական հարաբերություններում, իրար շնորհակալություն ասելով, չջնջելով իրենց անցյալը եւ շարժվելով առաջ՝ այդ թվում անցյալի փորձն իմաստավորելով: Ավելի հաճախ պատահում է հակառակը՝ նեղվածություն, բամբասանքներ, գերհուզականություն, աման-չամանը պատով տալ, տան եղած-չեղածը դուրս հանել եւ այլն: Սա էլ ինչ-որ տեղ մարդկային է, բայց հոգեբանորեն սխալ: Ինչո՞ւ: Երախտագիտությունը կարեւոր է միջանձնային եւ հասարակական հարաբերություններում, որովհետեւ մարդը, ով սկսում է պայքարել իր իսկ անցյալի հետ, կործանում է նախ ինքն իրեն, խժռում է իր իսկ ներուժը, դատարկվում է: Դրա համար էլ անցյալից տարանջատվելու լավագույն տարբերակը դրա հետ սահման գծելն է երախտագիտության միջոցով: Բայց գուցե է՛լ ավելի կարեւոր է մյուս հարցը: Իսկ ի՞նչ իրավունքով է որեւէ մեկը իր աման-չաման փշրելը դարձնում հանրության պրոբլեմ: Ենթադրենք՝ Հրանտի կամ Պողոսի համար անձամբ շատ կարեւոր է մանրամասն վերլուծել, թե որ ամանը որ չամանից հետո փշրվեց, եւ որ պատի ուղությամբ այն շպրտվեց: Բայց, եթե Հրանտը կամ Պողոսը հորջորջվում են հրապարակախոս, եւ մարդիկ սպասում են նրա խոսքին իրենց հուզող՝ հանրային թեմաների վերաբերյալ, ապա արդյո՞ք Հրանտը կամ Պողոսն իրավունք ունեն հանրության վզին փաթաթելու իրենց անձնական հետաքրքրության խնդիրները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10201307758920232
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել