Shamshyan.com-ը գրում է.

Հունվարի 27-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Վարդան և Ս. Հովհաննես մատուռ- մկրտարանում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության գնդերեցներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերելով ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին Բանակի օրվա կապակցությամբ, ուրախությամբ արձանագրեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել բանակին նվիրված տոնը Մայր Աթոռում սկսել աղոթքով՝ Հայրենիքի ու նրա պահապանների համար Երկնավոր Տիրոջից հայցելով խաղաղություն և ոգու անսասանություն: Նորին Սրբությունը Հայոց բանակի քաջազուն մարտիկներին մաղթեց, որպեսզի Ամենակալ Տերը մշտապես ամուր պահի նրանց բազուկը և երբեք չխաթարվի Հայոց աշխարհի սահմանների խաղաղությունը:

Իր հերթին ՀՀ Պաշտպանության նախարարը, շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին, շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին զինվորականների նկատմամբ դրսևորվող մշտական հոգածության և ուշադրության համար: Պրն. Տոնոյանը կարևորեց գնդերեցների ծառայությունը ՀՀ Զինված ուժերում, նաև վստահեցրեց, որ Հայոց բանակի քաջարի զինվորները հանդարտ հոգով և անսասան հավատով անելու են առավելագույնը հանուն Հայրենիքի պաշտպանության: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել