ՆԱ ԱՐԴԵՆ 18 ՏԱՐԻ ԱՊՐՈՒՄ և ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՄԵՐ ԿՈՂՔԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԴԱ Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԻՐ ԽԻՂՃԸ
Ամեն ժամանակ ունի իր պահանջները, այն պայքարը, որ մեր սերունդը մղեց Սփյուռքում 1970-80-ական թվականներին, այդ ժամանակվա պահանջի պայքարն էր, այն պայքարը, որը մղվեց կոնկրետ 1988-ին Երևանում և ամբողջ Հայաստանում՝ ներառյալ Արցախում, այդ ժամանակի պահանջի անհրաժեշտությունն էր: Այսօր խնդիր կա մեր հայրենիքից մնացած այս փոքր կտորն իսկապես պահպանելու և կենդանի մարմին դարձնելու, և փաստն այն է, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ: Այդ նպատակը իրականացնելու, մեր այսօրվա հայրենիքը փրկելու և մեր ազգի շարժունակությունն ապահովելու գործում պետք է հեռու մնալ, և հեռու ենք մնում բիրտ ուժի օգտագործումից: Նախ` ամեն ինչ պետք է անել, որ հայի արյուն չթափվի, և երկրորդը՝ մենք գիտենք, որ այսօր այն աշխարհաքաղաքական պայմանները, որոնցում գտնվում է մեր երկիրը, և ցանկացած անկայունություն կարող են լուրջ ցնցումներ առաջացնել և հնարավորություն ընծայել հակառակորդին գնալու արկածախնդրությունների, այս գործոնն էլ պետք է ամեն գնով ետ պահի նման քայլերի դիմելուց, հետևաբար` ամեն ինչ պետք է անել ժողովրդի և մեր հայրենիքի փրկությունն անցնցում, լեգիտիմ և խաղաղ պայմաններով ապահովելու համար:
Ամեն ինչ պետք է անենք, բայց, եթե մնացած բոլոր միջոցները արդյունք չտան, ոչ մի խոչընդոտի առաջ կանգ չպետք է առնենք, այսինքն՝ չկա կարմիր գիծ, եթե մնացյալ բոլոր միջոցները դառնան անելանելի, սա սպառնալիք չէ, սա ուղղակի հաստատումն է այն բանի, որ մենք պետք է զերծ մնանք բիրտ միջոցների օգտագործումից մինչև վերջ, բայց եթե դա չստացվի, ոչ ոք չի կարող ոչ ոքի մեղադրել, եթե դիմի այլ միջոցների:
Հանուն ինչ-որ բանի պայքարելը միշտ ավելի կառուցողական է, քան ինչ-որ մեկի դեմ պայքարելը: Ես այն համոզմանն եմ գնում, որ, ընդհանրապես, հայ ազգի ճակատագիրը վճռվում է այս օրերին, այս ամիսներին, այս մեկ, երկու տարվա ընթացքում, Հայաստանում, այսինքն՝ սա միայն ընդամենը 30 000 կամ 42 000 քառ/կմ տարածք ունեցող Հայաստանի ճակատագրի որոշում չէ, այլ ամբողջ հայ ազգի ճակատագրի որոշումն է, այս տարիներին արդեն որոշվելու է, թե մենք գոյատևելո՞ւ ենք, թե՞ ոչ: Հետևաբար, ես գտնում եմ, որ դա իմացյալի պայքարի շարունակությունն է:
Ես մասնակցում եմ այս պայքարին իմ խղճի թելադրանքով: Ավելի լավ, եթե իմ ներկայությունը, իմ մասնակցությունը ինչ-որ բան հաղորդի մարդկանց, սակայն ես դա անում եմ ոչ թե նրանց ինչ-որ բան հաղորդելու համար, այլ իմ ամբողջ էությամբ, հավատով, համոզումով: Ամեն ինչ գալիս է գիտակցությունից, մարդկանց մեջ պետք է առաջանա գիտակցությունը, հավատը և կամքը: Եթե իմ ներկայությունը նպաստի այդ երեք շատ կարևոր գործոնների խթանմանը, ես միայն չափազանց ուրախ կլինեմ: Քանի որ ես ունեմ անցյալ և նաև ֆիզիկական վերքեր, իմ մասնակցությունը միայն կարող է այլոց համար նաև այլ խորհուրդ ներկայացնել, ես միայն ուրախ կլինեմ, եթե այդ խորհուրդը խթան հանդիսանա, բայց դա ածանցյալ մի բան է ինձ համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել