Lragir.am-ը գրում է․

Կառավարության որոշմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Որոշման ընդունումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջային ներհոսքի ավելացմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

Ինչպես նշել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմը կգործի 2019թ. մարտի 3-ից: Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ այդ շրջանի քաղաքացիների համար սահմանելով Հայաստանում մնալու 180 օրյա ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր:

Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև նման արտոնյալ ռեժիմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանելու վերաբերյալ  քննարկումների արդյունքներից: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ ներկայումս նախարարությունում այդ հարցը համապարփակ դիտարկվում է:

«Կարծում եմ, որ տուրիզմի և գործարար կապերի զարգացման առումով սա նույնպես շատ կարևոր նախաձեռնություն է և, իհարկե, պետք է առաջ շարժվել ռիսկերի ճիշտ գնահատմամբ»,-ասել է Տիգրան Ավինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության մասին» 1993 թ. հունվարի 22-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հավանություն է տրվել նաև  2018 թ. հուլիսի 31-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» 1999 թ. օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել