Հաստատված սակագինը ուժի մեջ կմտնի արդեն հուլիսի 1-ից:
Հանձնաժողովը որոշեց ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին մատակարարովող 1000 խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 156 000 դրամ: Այսինքն՝ բնակչությանը մատակարարվող գազի 1 խ/մ-ի դիմաց սակագինը կազմում է 156 դրամ:
Հաստատված սակագինն, ի դեպ, 65 դրամով պակաս է «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկած սակագնից: Եվ սա ոչ միայն կառավարության առաջարկած սուբսիդավորման, այլեւ Հանձնաժողովի` «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկներում կատարած որոշ փոփոխությունների արդյունք է:
Այսպես, օրինակ, հանձնաժողովն առաջարկել է նվազեցնել ընկերության առաջարկում ներկայացված շահագործման համար նախատեսվող 7.275.34 մլն դրամ ծախսերը մինչեւ 2,801.53 մլն դրամ: Հանձնաժողովն առաջարկել է նաեւ10 200 դրամով նվազեցնել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը, ընկերության առաջարկած 237 200-իփոխարեն սահմանելով 227 000 դրամ: Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս, պարզվում է, որ բացարձակ գերիշխող դիրք ունեցող ընկերությունը միլիոնավոր դրամներ է ծախսում իր գովազդի վրա: Ընկերության առաջարկով այդ գումարը կազմում է 40 մլն, իսկ հանձնաժողովի հաստատած տարբերակում 16 մլն դրամ է:
Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» տարեկան մուտք գործած գազի գինը 205, 588. 39 մլն դրամից հանձնաժողովը նվազեցրել է մինչեւ 142,736.56 մլն-ի, ինչպես բացատրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի հաշիվ կառավարության խոստացած սուբսիդավորման:
Հանձնաժողովի նիստում հրապարակված մեկ հետաքրքիր փաստ եւս. «ՀայՌուսգազարդ»-ը տարեկան 1812.5 մլն խ/մ գազ է ստանում, որից 1748.41մլն խ/մ-ը` Ռուսաստանից եւ 350 մլն-ը` Իրանից:
Ընդ որում, Ռուսաստանից ստացվող գազի գինը սահմանի վրա կազմում է 270 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ պարսկական գազի գինը ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական այլ մարմին չեն հրապարակում:
Ինչեւէ, այսօր երկարատեւ քննարկումներից եւ քննադատություններից հետո Հանձնաժողովն ի վերջո կայացրեց գազի սակագինը բարձրացնելու մասին նախատեսվող որոշումը: Նախապես հայտարարված 156 դրամ սակագինը նույնությամբ հաստատվեց, չնայած արված բազմաթիվ առաջարկներին եւ հնչած քննադատություններին: Ի դեպ, նշենք, որ այսօր էլ նիստի ընթացքում Հանձնաժողովի շենքի մուտքի մոտ հավաքվածները պահանջում էին չընդունել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը: