Հայաստանն անկախանալուց հետո փաստացի միակ ձեռքբերումը, որ ունեցել է, Արցախի ժողովրդին ու հայկական հողերն ազատագրելն է: Մոտ 30 տարի պետականություն ունենալու պայմաններում ձեռքբերված հաղթանակն ամրագրելուն հենց Հայաստանի ներսում բազմաթիվ ուժեր մշտապես խանգարել են՝ տարբեր աղբյուրներից ստանալով ֆինանսավորում և աջակցություն:
Այսօր արդեն խոսվում է զիջումների մասին, և սա այն դեպքում, երբ զիջում բառը հայկական կողմն ուղղակի չպիտի օգտագործի:
Հակամարտությունը նման պարտվողական կեցվածքով լուծելը վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ հայ ազգի ֆիզիկական գոյության համար: Քաղաքակիրթ աշխարհին մեջբերում անելով՝ խաղաղության և բարության մասին խոսելիս պետք է նայել, թե ինչ է կատարվում աշխարհում, ի՞նչ քաղաքակիրթ մոտեցում, ի՞նչ պուպուշ բանակցությունների մասին է խոսքը, հաղթում է նա, ով ավելի ուժեղ է:
Արցախյան հարցի միակ լուծման տարբերակը պետք է լինի հզոր բանակ, հզոր տնտեսություն ունենալը, ինչը հնարավորություն կտա ոչ թե զիջումներ քննարկել, այլ լուծում պարտադրել, քանի որ ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ: Նույն խնդրի շուրջ պատերազմում երկու անգամ հաղթում են միայն, կներեք, հիմարները:
Բանակցություններն ու քաղաքակիրթ խաղալն էլ նույն այդ քաղաքակիրթ աշխարհում զուտ ժամանակ շահելու համար է արվում, որպեսզի այդ ընթացքում հզոր բանակ ու տնտեսություն ստեղծեն, հզորանան, որ հարցն իրենց ուզած տարբերակով լուծեն: