Առյուծի բաժինն այն գիտելիքների, որոնք այսօր ունենք արտակարգ իրավիճակների բժշկության մասին, եկել են այն սարսափելի փորձերից, որոնք անցկացրել են պատերազմի տարիներին բժիշկ Զիգմունդ Ռաշեռը Դախաու ճամբարում և բժիշկ Իոսիմուրա Հիսատոն՝ ճապոնական 731 ջոկատից: Այդ փորձերն անց են կացվել իրարից անկախ, տարբեր նպատակներով: Ռաշեռը ղեկավարությունից հանձնարարական էր ստացել՝ պարզելու հիպոթերմիայի՝ ջերմության պակասի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, որպեսզի այդ գիտելիքները հետագայում օգտագործվեն տուժած զինվորներին բուժելու համար: Իոսիմուրան իր փորձերն անցկացնում էր՝ նպատակ ունենալով ստեղծել «սառեցված» ռումբ՝ լցված հեղուկ ազոտով:

Ի տարբերություն Ճապոնիայի, որտեղ բոլոր փորձերն անցկացվում էին մի վայրում՝ հատուկ զինված լաբորատոր համալիրում, գերմանական փորձերը քաոտիկ բնույթ էին կրում: Եթե ճամբարում հարկավոր էին լինում լաբորատոր պայմաններ, ապա դրանք անմիջապես ստեղծվում էին: Թույները փորձարկվում էին Բուխենվալդում, մանանեխի գազը՝ Զաքսենհաուզենում, իսկ հիպոթերմիան՝ Դախաուում և այսպես շարունակ:

Զիգմունդ Ռաշեռը յուրօրինակ անձնավորություն էր: Նա շատ անգամներ մոտ է եղել կուսակցությունից հեռացմանն ու գնդակահարությանը: Ռաշեռի հայտնի բժշկական հայտնագործությունն այն էր, որ կինն ունակ է ծննդաբերելու մինչև խոր ծերություն (ընդհուպ մինչև 80 տարեկան). այս հետազոտությունն անելու համար խոշոր միջոցներ էին հատկացվել, որոնք հետագայում յուրացրել էր խորամանկ բժիշկը: 1944-ին նրա կարիերան իր ավարտին հասավ նույն համակենտրոնացման ճամբարում, որտեղ ճակատագրի հեգնանքով նացիստական փորձարկումներ էին իրականացվում:

Սակայն 1942-ից սկսած հենց Ռաշեռը սկսեց զբաղվել սառեցման փորձերով: Փորձերի առաջին փուլում բանտարկյալներին սառցե ջրի մեջ ընկղմեցին, որոշներին՝ կրծքի վրա, մյուսներին՝ ուսի, իսկ երրորդներին՝ մեջքի: Տարբեր պայմաններում մահը վրա էր հասնում տարբեր ժամանակահատվածում: Որոշներին փորձեցին վերակենդանացնել. արդյունքում Ռաշեռը մանրամասնորեն գրանցեց այն մարդկանց փրկելու մեթոդները, որոնք ընդհանուր ծանր հիպոթերմիայի են ենթարկվում:

Երկրորդ փուլում ուսումնասիրվում էին տեղային սառցակալումներն ու սառցե այրվածքները: Մարդկանց վրա սառը ջուր էին լցնում և թողնում բքի տակ. վերջիններիս վերջույթները տարբեր աստիճանի սառցակալում էին, իսկ բժիշկը փորձում էր դրանք սկզբնական վիճակի բերել: Ինչպես արդեն նշվեց, Ճապոնիայում անցկացվում էին նմանատիպ փորձեր: Գերմանական և ճապոնական հաշվետվությունները մինչ օրս որպես հիմնական նյութ են ծառայում սառցակալումների և հիպոթերմիայի բուժման համար: Հնարավո՞ր էր արդյոք նման արդյունքների հասնել՝ առանց մարդկային զոհերի՝ ոչ ոքի հայտնի չէ:

Նացիստական փորձերի խնդիրներից մեկը, ինչքան էլ որ զարմանալի է, Հայնրիխ Հիմլերն էր, նրանց անմիջական վերադասը՝ Հիտլերի ամենահավատարիմ անձանցից մեկը: Լինելով գիտությունից ոչ այնքան տեղյակ մարդ՝ նա պարբերաբար միջամտում էր բժշկների աշխատանքին, կոծկում էր նպատակային հետազոտություններն ու ֆինանսավորում էր աննպատակները, օրինակ՝ կանանց սառած մարմինների այրումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել