Ֆրանսիան հայերի համար մինչ օրս մնում է ամենագրավիչ երկրներից մեկը, իսկ ֆրանսիական մշակույթը՝ ամենասիրելին: Շատերը կարծում են, որ հայերն իրենց հոգևոր կեցվածքով եվրոպական ժողովուրդներից առավել նման են ֆրանսիացիներին, այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Արևմտյան Եվրոպայում ամենամեծ հայկական համայնքը ստեղծվել է հենց Ֆրանսիայում: Ըստ որոշ տվյալների՝ համայնքի անդամների թվաքանակը կազմում է 550 հազար:

Ֆրանսիայում հայերի ներկայության մասին առաջին վկայությունները թվագրվում են վաղ միջնադարին: Հենց այդ ժամանակ են հայ քրիստոնյաները հասել Գալիայի քաղաքներ և համարվել սրբեր: Դեռ մ.թ.ա. II դարում գալիական Լյուգդյուն (Լիոն) քաղաքում բնակություն է հաստատել հայ եպիսկոպոս Իրենեոսը:

Նա առաջնորդում էր քրիստոնյաներին և սպանվել է տեղի հեթանոսներից մեկի կողմից: Վաղ միջնադարում Ֆրանսիա են հասել նաև հայ շատ շինարարներ ու ճարտարապետներ: Շնորհիվ նրանց գործունեության՝ եվրոպական ճարտարապետության մեջ հայտնվեցին տարրեր, որոնք բնորոշ են հայկական արվեստին:

Մեծ հեղինակություն էր վայելում «Այրարարտից եկած» ճարտարապետ Էոդ լե Մեսենը (IX դար), ում վերագրվում է վաղ ֆրանսիական ճարտարապետության ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Ժերմինյե-դե-Պրե եկեղեցին:

Հատկապես սերտ հարաբերություններ հայերի և ֆրանսիացիների մեջ հաստատվել են հայկական Կիլիկիա թագավորությունում: Հայ վերջին արքա Լևոն VI Լուսինյանը, գահընկեց արվելով, ապաստան է գտել Փարիզում, որտեղ էլ մահացել է 1399 թ.: Նրա գերեզմանը մինչ օրս գտնվում է Սեն-Դենիի արքայական գերեզմանատանը:

Միջին դարերում Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հայտնվեցին հայ վաճառականներ: 1672 թ. հայ Պասկալը (Հարություն) հիմնեց Ֆրանսիայում առաջին սրճարանը: Նրա օրինակին հետևեցին այլ հայեր:

1660 թ. կարդինալ դե Ռիելյոնը հայ վաճառականներին հատուկ արտոնություններ տվեց: Հայերի շրջանում կաթոլիկությունը տարածելու համար կարդինալը խրախուսում էր նաև այնպիսի գրքերի հրատարակումը, որոնք լատիներենից թարգմանվում էին հայերեն: 1633 թ. Փարիզում լույս տեսավ Հայ-լատիներեն բառարանը:

1798 թ. Կենդանի արևելյան լեզուների փարիզյան դպրոցում հիմնվեցին հայերենի դասընթացներ, իսկ 1810-ին՝ հայագիտության բաժին: Այս գործին նպաստում էր հենց ինքը՝ Նապոլեոն Բոնապարտը, որը գիտեր և գնահատում էր հայերին: Վերջիններս կռվում էին Նապոլեոնի զորքերում, ինչպես նաև արցախահայ Ռուստամը Նապոլեոնի թիկնապահն էր:  

19-րդ դարում ֆրանսերենն ու ֆրանսիական մշակույթը սկսեցին ներթափանցել Արևմտյան և Արևելյան Հայաստանների իրականություն: Ֆրանսիայում սովորող հայ ուսանողները մասնակցում էին 1848 թ. ժողովրդավարական շարժումներին ու հեղափոխություններին: 1870-ականներից սկսած Ֆրանսիայում սկսեցին ստեղծվել հայկական միություններ, իսկ 1902-ին բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը Փարիզում կառուցեց հայկական կրթական եկեղեցի:

Առաջին աշխարհամարտի տարիներին Ֆրանսիայում ապրում էր շուրջ 4000 հայ: 1915 թ. ցեղասպանությունից հետո նրանց քանակն էապես աճեց: Մարսելը դարձավ այն նավահանգստային քաղաքը, որտեղ առաջնահերթ բերում էին ցեղապսանությունից փրկվածներին:

Այնտեղից նրանք տարածվում էին ողջ Ֆրանսիայում: Իսկ Փարիզը դարձավ հայ քաղաքական կուսակցությունների և արտերկրում գտնվող հայ մտավորականության կենտրոնը: Արևմտահայ փախստականներին միացան մեծ թվով հայեր, որոնք փախել էին Ռուսաստանից 1917 թ. հեղափոխության արդյունքում: Չնայած էմիգրացիայի դժվարություններին, անգործությանն ու հայրենիք չունեցող անձի կարգավիճակ ունենալուն՝ Ֆրանսիայում հիմնված հայերը շարունակում էին ակտիվ կյանք վարել:

Գործում էին տարատեսակ հասարակական, մշակութային և սպորտային միություններ, թատերական խմբեր, տպագրվում էին գրքեր ու թերթեր: 1925 թ. Շավարշ Միսակյանը Փարիզում հիմնեց հայալեզու թերթ «Առաջ»-ը, որը հնագույնն է համարվում Եվրոպայում:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆրանսահայերն ակտիվ մասնակցություն էին ունենում Դիմադրության շարժմանը: Բանաստեղծ Միսակ Մանուշյանը ղեկավարում էր չորս միջազգային ջոկատ, որոնք մեծ վնաս հասցրին նացիստներին:

Պատերազմից հետո Ֆրանսիայում թվով ավելացած հայերը մեծ մասամբ չէին տիրապետում մայրենի լեզվին, սակայն շարունակում էին գիտակվցել իրենց ազգային ոգու կարևորությունը և միավորվում էին տարբեր միություններում:

Հայկական ազգանունների կարելի է հանդիպել հայտնի շատ ամսագրերի շապիկներին: Այսպես՝ ֆրանսիական հագուստի շուկայում հայտնի է Ալյոնա Մանուկյան բրենդը, կոշիկի շուկայում՝ Քելյանի ապրանքը: Միքայել Ասլանյանը ստեղծել է աշխարհում բոլորին հայտնի «Ասլանով» օղին, իսկ Արմեն Մելքոնյանը մտնում է Ֆրանսիայի 11 լավագույն գինեգործների մեջ:

Նախորդ դարի 50-ական թվականներին Լևոն Հովնանյանը դարձավ Ֆրանսիայում առաջին հայ պատգամավորը, իսկ Պատրիկ Դևեջյանն այսօր ականավոր քաղաքական գործիչ է: Ֆրանսիական գիտության մեջ առանձնահատուկ ներդրում են ունեցել հայերը 19-րդ դարում: Ֆրանսիական տիեզերագնացության պիոներներից մեկն Ալեքսանդր Անանովն էր: Ականավոր գիտնականներ են ֆիզիկոս Ռոժե Բալյանն ու աստղագետ Հակոբ Թերզյանը:

Բոլոր հայ գործիչներին, որոնք կարևորագույն ներդրում են ունեցել Ֆրանսիայի հասարակական, քաղաքական ու մշակութային կյանքում, մեկ հոդվածի շրջանակներում ներկայացնել, իհարկե, անհնար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել