Ոստիկանության կարգավիճակի վերաբերյալ քննարկվում են տարբեր մոտեցումներ. միանգամից ասեմ, որ բոլորն էլ գոյության իրավունք ունեն: Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ՝ մասնավոր տեսակետ եմ ուզում արտահայտե:

Համակարծիք եմ այն քաղաքական գործիչների ու իրավագետների հետ, ովքեր պնդում են, որ ոստիկանության կարգավիճակը պետք է նրա գործունեության նկատմամբ պառլամենտական լիարժեք վերահսկողության հնարավորություն տա: Ինչո՞ւ է, սակայն, նման հնարավորությունը կապվում ոստիկանությունը որևէ նախարարության ենթակայությանը հանձնելու անհրաժեշտության հետ: Միևնույն է, այս դեպքում ևս պատգամավորները ոստիկանության պետին հերթական նստաշրջանի նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերում բանավոր հարցեր չեն կարող ուղղել, որովհետև ոստիկանության պետը կառավարության անդամ չի հանդիսանալու: Այս դեպքում, իհարկե, պատգամավորներն իրենց հարցերն ուղղելու են նախարարին՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձին: Վարչապետի ենթակայությունից ոստիկանությունը հանելը և պետական մարմնի ենթակայությանը հանձնելը որևէ կերպ չի երաշխավորում պառլամենտի առջև հաշվետվությունների ու պատասխանատվության շրջանակի ընդլայնում, որովհետև վարչապետը նույնպես կառավարության անդամ է, և ոստիկանության մասով ինքն է պատասխանելու պատգամավորների հարցերին: Այսինքն՝ անկախ այն հանգամանքից՝ հարցերն ուղղվում են վարչապետին, թե նախարարին, դրանից ոստիկանության նկատմամբ քաղաքական-պառլամենտական վերահսկողությունը չի ուժեղանալու: Կարծում եմ, որ ոստիկանության կարգավիճակի հարցն ավելի շատ պետք է մտահոգի ոչ թե պատգամավորներին, այլ գործադիր իշխանությանը: Վերջին հաշվով ոստիկանությունը պետական հարկադրանք կիրառող մարմին է, և միշտ չէ, որ հարկադրանքի կիրառման անհրաժեշտության ու համաչափության վերաբերյալ հասարակական կարծիքի չեզոքությունը կանխատեսելի է լինելու իշխանության համար: Հնարավոր է լինեն ոչ պոպուլյար ոստիկանության գործողություններ, որոնց քաղաքական պատասխանատվության «թիրախ» անպայման կդառնա այն մարմինը կամ անձը, ում ենթակայության տակ գործում է ոստիկանությունը: Վարչապետի պարագայում դա, անշուշտ, ահռելի քաղաքական բեռ է, քանի որ օրինականության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ամենախիստ պահանջներն իրավաչափորեն, երբեմն էլ ոչ իրավաչափորեն ներկայացվում են գործադիր իշխանության ղեկավարին: Իհարկե, անկաշկանդ գործելու հնարավորությունները ոստիկանության համար մեծանում են վարչապետին ենթակա կարգավիճակում, որը դրականորեն կարող է անդրադառնալ հատկապես կոռուպցիոն հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների վրա: 

Կառավարության ենթակայության տակ ոստիկանության առբերումն, իմ խորին համոզմամբ, խնդրահարույց է ոստիկանության կառավարման արդունավետության տեսանկյունից: Եթե ոստիկանության նկատմամբ կառավարության՝ որպես վերադաս վարչական մարմնի, վարչարարությունը չի սահմանափակվելու արարողակարգային, կառուցվածքային, տեխնիկական հարցերով, ապա կոլեգիալ կարգով որոշումների ընդունումն անվտանգության ռիսկերի չեզոքացման լավագույն ձևը չի հանդիսանալու: «Ուժայինները» շատ արդյունավետ են ուղղաձիգ կառավարման պարագայում, հատկապես երբ պետության ներքին ու արտաքին անվտանգության ռիսկերն ունեն բարձ շեմ: 

Մի բան էլ. ոստիականության կարգավիճակի որևէ մոդել ազդեցություն չի թողնելու կամ եթե թողնելու է, ապա ազդեցությունն անշան է լինելու ոստիկանության քաղաքական չեզոքության կամ զսպվածության վրա: Ոստիկանության, ինչպես նաև պետական կառավարման մի շարք այլ մարմինների ղեկավարներին նշանակում են քաղաքական պաշտոնյաները: Քաղաքական տարրն արդեն իսկ առկա է ղեկավար կազմի նշանակման ընթացակարգերում, և արտառոց ոչինչ սրանում չկա: Ոստիկանության քաղաքական զսպվածությունը նրա կարգավիճակի հետևանքը չէ: Զսպվածության երաշխիքներն են՝ ժողովրդավարական ընթացակարգերը, հսկողության իրավական մեխանիզմները, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, վերջին հաշվով, քաղաքական համակարգը և այլն:

Այսպիսով՝ վարչապետին ենթակա ոստիկանությունը նրա «ամենահարմար» կարգավիճակն է: Եթե ոստիկանությունը հանձնվում է նախարարության ենթակայությանը կամ վերակազմակերպվում է նախարարության, ապա կառուցվածքային փոփոխությունները, հնարավոր կրճատումները, իրավիճակին հարմարվելը որոշակի ժամանակ ու էներգիա են խլելու: Առանձին պրոբլեմ է նախարար-ոստիկանության պետ լիազորությունների սահմանազատման հարցը, որը մինչև օրս լիարժեքորեն չեն կարողանում լուծել մերձբալթյան հանարապետությունները: Չգիտեմ՝ դրա ժամանակն ունե՞նք արդյոք հանացավորության կառուցվածքում հայտնի չափով տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել