Չէ, պիտի փոխվենք, պիտի ժամանակներից առաջ անցնենք։ Ուրիշ եղանակ չկա։ Բանը բանից անցել է՝ անկախ նրանից, թե ով ինչ է հասկանում սրա տակ։ Այնքան վատ է մեր վիճակը համաշխարհային գործընթացների ու թշնամական գործոնների ահագնացման պաստառի վրա, որ կարելի է այլևս այդ մասին չխոսել, այլ վեր կենալ ու մեկ այլ ձևի ապրել։

1․ Նախ՝ կրթության համակարգը բերել համաշխարհային ստանդարտների՝ սկսելով միջնակարգ ուսումից։
2․ Զինվորի, սահմանում մշակի, ուսուցչի մասնագիտությունները դարձնել պատվելի ու վճարել ավելի քան 500000 դրամ։ 
3․ Կարևորագույն մասնագիտությունների ռեեստր հայտարարել և աշխատավարձի բարձրացման 3 տարվա ժամանակարգ։
4․ Պետականցնել այն հանքերն ու ձեռնարկությունները, որոնց օգտագործողներն իրենց պարտականությունները չեն կատարում ավելի քան հինգ տարի։
5․ Համահայկական ինվեստիցիոն խորհուրդ ստեղծել վերոհիշյալը կառավարելու համար։
6․ Ստեղծել համահայկական համագումար՝ սփյուռքը միավորելու և Հայաստանին ու Արցախին առանձնահատուկ թափ հաղորդելու համար այն միտումով, որ այդ համագումարը մի օր Հայաստանի պառլամենտի մի ատյանը դառնա, որը կկոչվի համայնքների պալատ։
7․ Ստեղծել վետերանների ու նահատակների ընտանիքների անդամներին աջակցության կոմիտե։ Ոչ մի նախկին զինվոր կամ նրա ընտանիքի անդամ վատ ապրել չի կարող։ Բանակում ծառայողներին տալ բուհերում պետության հաշվին սովորելու իրավունք։
8․ Ստեղծել սփյուռքահայերից կազմված աշխարհազորային վաշտեր, նրանց կանչել կանոնավոր զորավարժությունների։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է։
9․ Աղջիկներին զորակոչել և ստեղծել կանանց ստորաբաժանումներ։
10․ Տնտեսությունը վստահել տաղանդավոր հայ գործարարների ու մասնագետների, նրանց դարձնել կառավարության անդամներ։

Մենք էլ կծափահարենք ու կօգնենք։
Բարի կեսգիշեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել