Քաղաքականությունից հասկացող յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ երբ այս կամ այն գործիչը քաղաքականություն մտնելու նպատակադրություն է ունենում, սկսում է պարբերաբար անիրականանալի ծրագրեր ներկայացնել, քննադատություններ հնչեցնել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, ավելացնել պոպուլիզմի դոզան։
Բայց անհասկանալի և տարօրինակ է, երբ նման կերպ իրեն պահում է բավականին փորձառու, իշխանությունը ներկայացնող պատգամավորը: ԱԺ բարձր ամբիոնից հայտարարելը, թե ժամանակն է, որ 18-ամյա ժամկետային զինծառայողներն առաջնագծից դուրս բերվեն, ու նրանց տեղը բարձր վարձատրությամբ պայմանագրային զինծառայողներ ներգրավվեն, այլ բան չէ, քան ամբոխահաճության նոր դրսևորում։
Խնդիրն այն է, որ պրոֆեսիոնալ բանակի մասին տեղյակ տարբեր մասնագետները մեկ անգամ չէ, որ նշել են ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին:
Եվ երկրորդ՝ կա՞ ուսումնասիրություն, թե որքան պայմանագրային ծառայող է անհրաժեշտ, և արդյո՞ք այդքան մարդ պատրաստ է իր կյանքը կապել զինվորական մասնագիտության հետ:
Երրորդ՝ պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարծիքն այս մասով, իհարկե, կարևոր է, բայց պետք է հասկանալ, որ այդ քննարկումները պետք է ավելի շատ տեղափոխվեն պաշտպանության նախարարության հարթություն: