2002 թվականին, երբ հայտնի դարձավ, որ էրդողանի իսլամիստական կուսակցությունը հաղթել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, երեկոյան ես «Ուրվագծի» հյուր էի կանչել Գալուստ Սահակյանին: Իմ հարցին, թե իսլամիստների հաղթանակն ինչ հետևանքներ կունենա, Գալուստ Գրիգորիչը կարճ կապեց. «Ոչ մի, թուրքը մնում ա թուրք»: Ժամանակը ցույց տվեց՝ Գալուստ Սահակյանը մնաց Գալուստ Սահակյան, իսկ թուրքերն ու Թուրքիան փոխվեցին:
Իր կառավարման տարիներին Էրդողանը կարողացավ էական փոփոխություններ անել Թուրքիայում: Նա բանակի քաղաքական ազդեցությունը հասցրեց պատմական մինիմումի: Ազգայնական և քեմալիստական ուժերին հաղթեց գրեթե բոլոր ընտրություններում: Թուրքիայի տնտեսությունը, չնայած համաշխարհային ճգնաժամին, դինամիկ աճ գրանցեց: Էրդողանը կարողացավ ջարդել Թուրքիայի երեք մեծ տաբուները, որոնք ձևավորվել էին Քեմալ Աթաթուրքի ժամանակից: Նա վերացրեց բանակը, քեմալիզմն ու Քեմալին քննադատելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու արգելքները:
Սակայն հաղթելով իր բոլոր հնարավոր մրցակիցներին՝ էրդողանի իշխանությունը դարձավ ավտորիտար: Անհանդուրժողականությունը մամուլի և քաղաքական մրցակիցների նկատմամբ դարձան հանրային նորմ: Էրդողանը միշտ և ամեն ինչում ճիշտ է: Նա ցանկանում է սահմանադրական փոփոխությունների միջոցով ընտրվել որպես նախագահ և կառավարել Թուրքիան մինչև 2023 թվականը:
Թուրքիան ունի ուժեղ իսլամիստական ավանդույթներ: Բայց այս երկրի յուրահատկությունն այն է, որ ձևավորված են բավական կայուն աշխարհիկ ավանդույթներ ևս: էրդողանը չափավոր իսլամիստ է: Սակայն իսլամը կենցաղացնելու նրա փորձերը Թուրքիայի քաղաքային-աշխարհիկ մշակույթը չմարսեց: Եթե վերջին տասնամյակում թուրք հասարակությունը կոնսոլիդացնում էր իսլամիստների հետ ընդդեմ ազգայնականների, ապա շնորհիվ ցուցարարներին ուղղված ցինիկ արտահայտությունների, էրդողանը դարձավ հանրային ցասման ֆիգուր:
Թուրքական հասարակությունը բավական հետաքրքիր է իր բազմազանության մեջ: էրդողանի դեմ հանրահավաքներին մասնակցում են ձախերը, ազգայնականները, քեմալիստները, Գորշ գայլերը, պացիֆիստները, լիբերալները, կանաչները, հոմոսեքսուալիստները ու նաև հայերը, որոնք ավանդաբար ընտրում էին Էրդողանին: Ըստ էության Էրդողանի այս պայքարում լոյալ են միայն քրդերը: Բոլոր ավանդական ձևակերպումները թուրք ցուցարարներին բնութագրելու համար այժմ ոչ ադեկվատ են:
P.S. Գեզի պարկում, որը փրկելու համար էլ կազմակերպված ցույցերը ճնշելուց էլ սկսվեցին իրադարձությունները, գտնվում է հայկական հին գերեզմանոց: 15-րդ դարից մինչև 1920-ականները այս տարածքը պաշտոնապես եղել է հայերինը: Եղեռնից հետո այս այգում տեղադրված է եղել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար, որը հետո անհետացել է: