Նամակ տրանսպորտի վարչությանը…
Գուցե ձեզ համար տհաճ կլինի կարդալ այս նամակը, ինչը կասկածի տակ է դրված, քանի որ վաղուց են ձեր ականջները փակ ամեն տեսակի բողոքների համար, բայց ամեն դեպքում ես գրում եմ, քանի որ լռել հնարավոր չէ…
Ես կասկածում եմ, որ դուք կարող եք մի պահ ձեզ պատկերացնել իմ և մյուսների փոխարեն, այն մյուսների, որ նույնպես բեռ են կրում իրենց ուսերին և օգտվում են հասարակական տրանսպորտից…
Սա ոչ միայն բեռ է, այլև՝ պատիժ… Գիտե՞ք՝ ինչ տհաճ վիճակ է, երբ առօրյա հոգսերից քեզ մի պահ ազատում ես, հասնում ես կանգառ, իսկ այնտեղ ստիպված ես դեռ 40-60 րոպե սպասել…
Պատկերացրեք, եթե ամեն ինչ փոխադարձ չլիներ… Բայց մեր դեպքում չեղավ այդ փոխադարձ վերաբերմունքը… Չէ՞ որ մենք ժամանակի ընթացքում սովորեցինք օգտվել կանգառներից, քայլեցինք ու հասանք, նույնիսկ հիմա բացօթյա անցումներից ենք օգտվում… իսկ դուք… Դուք ի՞նչ արեցիք այն քաղաքացիների համար, ովքեր չեն ստանում այնքան աշխատավարձ, որ տաքսիներից օգտվեն, ու էլի ստիպված կանգնում ու ժամերով սպասում են ուշացող երթուղայիններին… Բերեցիք ավտոբուսներ, բայց ոչինչ չփոխվեց… Չի երևում… հարցնում ես վարորդին՝ կներեք, դուք 2 ժամը մեկ անգա՞մ եք գիծ դուրս գալիս, ու ստանում ես նման պատասխան՝ դե էսօր կիրակի է…
Բայց մի՞թե ամեն օր կարող է արդարանալ ԿԻՐԱԿԻ-ով… կամ ի՞նչ ասել է կիրակի…
Կիրակի-ն թողնեմ, դա այլ թեմա է, չնայած, ի գիտություն ձեզ, ասեմ, որ սովորաբար մարդիկ կիրակի օրերն էլ են օգտվում տրանսպորտից…
Դուք հասկանում եք, որ մարդկանց աչքին այդ տարօրինակ ու անհասկանալի արձաններով ու քանդակներով քաղաքը լցնելն ընդամենը թոզափչում է աչքերի մեջ… որ ծածկվեն այս խնդիրները, հենց թեկուզ այս մեկը՝ տրանսպորտի խնդիրը…
Ինչո՞ւ եմ ես չարացած… Այո, չարացած եմ… Դուք էլ մեկ ժամ և ավելի կանգնեք կանգառում ու մի չարացեք, տեսնեմ՝ կստացվի՞… Բայց ինչպե՞ս կարող եմ մտածել, որ ձեզ նման պաշտոն ունեցող անձինք կարող են օգտվել հասարակական տրանսպորտից… Իսկ դուք մի անգամ փորձեք… Նախ իջեք կանգառ, սպասեք, որ ձեր երթուղայինը գա դատարկ, իսկ հետո նստեք երթուղային ու մի քիչ էլ դուք նեղվեք, երբ մայրը երկու երեխայի հետ կբարձրանա, տեղ չի լինի նստելու, այդ նույն վիճակում կհայտնվի մի բարձրահասակ երիտասարդ աղջիկ, ով իր կանգնած անհարմար վիճակից նեղված այնպես կնայի ձեզ, որ դուք քիչ կմնա դուրս կնետվեք լուսամուտից… Հետո մի ուրիշ տղամարդ կգա ու այնպես կհպվի էս աղջկան, որ նա 1000-րդ անգամ կփոշմանի Հայաստան վերադառնալու համար… Հետո մի գեր կին կհայտնվի, մի տղամարդ, պապիկ… ու այսպես շարունակ… ու այս աննորմալ խտացումը մարդկանց դեմքից կգողանա օրվա ժպիտները...
Տեսեք, ամեն մեկիս օրն էլ սկսվում է աշխատանքից… իսկ ինչո՞վ գնալ աշխատավայր… Համաձայն եմ, հեծանիվը լավ տարբերակ է, բայց ոչ բոլորս ունենք այդ հաճույքից… Տաքսիով հարմար է, բայց գրպանահատ ենք լինում… Տաքսին էլի վերջին վայրկյանին, երբ էլ հույս չի լինի, թե տրանսպորտը կգա կամ ազատ տեղով կգա… Սեփական մեքենայի մասին չեմ էլ ուզում մտածել, քանի որ նման աշխատավարձով անհնար է դա պատկերացնել… Ուրեմն՝ մնաց էլի հասարակական տրանսպորտը…
Դուք օրվա ընթացքում քանի՞ անգամ եք ժպտում… Շատ… Ես էլ եմ ուզում ժպտալ, ուզում եմ՝ հոգսերս քիչ լինեն, որոնցից այս մեկը՝ տրանսպորտի հարցը, պարտավոր եք դուք լուծել, քանի որ դա ձեր գործն է, բայց քանի որ այդ հարցը լուծում չի ստանում, նշանակում է՝ դուք ձեր գործը լավ չեք անում… Բայց ամեն օր նույնն ենք լսում վերևներից՝ ամեն մեկը եթե իր գործը լավ անի…
Դե դուք էլ ձեր բաժին գործը լավ արեք… Բարելավվվվվվեք տրանսպորտի հարցը. ինչքա՞ն կարելի է դիմանալ այս վիճակին…
Այ այսպես ամեն օր չարանալով, մի օր էլ մենք ենք բացահայտում, որ էլ չենք ուզում ապրել այստեղ, չենք ուզում, քանի որ հոգսերը շատ են ու լուծում չեն ստանում:
Այն, որ տոն օրերին հրավառություն եք կազմակերպում, դա հետո, նույնիսկ հենց նույն օրը դառնում է փուշ ու խրվում է մեր կոկորդում… քանի որ տուն գնալու համար էլի ստիպված ենք մեր քամակը դեմ տալ ինչ-որ մեկի երեսին կամ էլ ինչ-որ մեկինը տանել մեր երեսին…
Ուղևորաճզմումներից հոգնած ու տանջված
Նարէ Աթոյան