Ինչեր ունի Սուրեն Խաչատրյանը. օբյեկտները թվարկում է Գորիսի նախկին քաղաքապետը«Սուրեն Խաչատրյանը ոճրագործություններ շատ է կատարել: Բազմաթիվ բռնություններ է կատարել, տնտեսական բլոկի բազմաթիվ հանցագործություններ: Զինված հարձակման ամենամեծ փորձը նա ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպիսի տեսակետ հայտնեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Նա սկսեց թվարկել, թե այս տարիներին ինչեր է կուտակել Սուրեն Խաչատրյանը. «Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ հետեւյալ գործարքը. մոլիբդենով  եւ պղնձով հարուստ հանքերից մեկը Սուրիկ Խաչատրյանը վաճառում է եւ ստանում է 7 մլրդ դրամ, այսինքն՝ 19 մլն դոլար: ՀՀ Սահմանադրության մեջ գրված է, որ մեր երկրի ընդերքը ազգային հարստություն է: Այդ ինչպե՞ս պատահեց, որ մեր ազգային հարստության մի մասը այդ բարձր պաշտոնյան վաճառում է, այն դեպքում, երբ մեր ժողովրդի 70-80 տոկոսը սոված է կամ կիսասոված, երբ ազատամարտիկների մեծ մասը տնքում է սոցիալական բեռի տակ, երբ այսօր նրանք նստացույց են անում Ազատության հրապարակում, որովհետեւ չեն կարողանում իրենց ընտանիքի նվազագույն հոգսերը հոգալ: Պետական պաշտոնյաներն ասում են, որ միջոցներ չկան, ի՞նչ անենք: Այդ 7 մլրդ դրամը, որ հայտարարագրել է անցած տարվա տվյալներով, դա ընդամենը մի գործարքն է նրա, հասկանո՞ւմ եք: Հարյուրավոր գործարքներ է կատարել: Այսօր նրա հարստությունը առնվազն 200 մլն դոլար կկազմի»: Սամվել Հարությունյանը պատմեց, որ 90-ականին զրոյական վիճակ է եղել Սուրեն Խաչատրյանի ունեցվածքը: Ունեցել է 2 սենյականոց բնակարան եւ մի հին «Ժիգուլի»՝ 06. «Իսկ այսօր ունի տասնյակ շենքեր: Թվարկեմ. Գորիսի 8 հարկանի հյուրանոցը, Գորիսի հանրախանութը՝ 4000 քմ տարածքով, Գորիսի շինարարական միավորման շենքը, Գորիսի տարածաշրջանի Սեւ լիճը, որը երկրորդն է իր մեծությամբ բնական լիճ, իր սեփականությունն է: Եղբոր անունով գրանցել է իր մյուս լիճը՝ Քարահունջի ջրամբարի՝ իր հարակից տարածքներով, հանգստյան տնով: Երեւանում բազմաթիվ շենքեր ունի: Իր միայն ապարանքը մի քանի միլիոն դոլար արժե: Ապարանքին կից իմ ժամանակ այդտեղ շինարարություն էր լինում՝ բաղնիքի շենք էին կառուցում, այդ շենքը անմիջապես սեփականացրել է եւ դարձրել իր ապարանքի կցակառույցը: Երեւանում Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ 4 հարկանի հսկայական շենքը՝ կահույքի կենտրոնը իրեն է պատկանում՝ մի քանի հազար քմ տարածքով: Մոնումենտում ունի բնակարան: Շիրակ հյուրանոցի հարեւանությամբ առաջին էլիտար շենքից բնակարան է ստացել: Գորիսում 4 գազալցակայան ունի, ասում են՝ 2 հատ էլ ունի Կապանում: Պետական բարձր պաշտոնյային ինչքա՞ն պիտի թողնեն, որ նման բաներ աներ»: Մեր հարցին, թե այդ ամենը ինչի՞ դիմաց է ձեռք բերել Սուրեն Խաչատրյանը, Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Նա ծառայություններ է մատուցել բարձրագույն իշխանություններին, որը նրան ամենայն հավանականությամբ թույլատրել է կեղեքել մեր ժողովրդի հարստությունը, բռնանալ մարդկանց նկատմամբ եւ այլն: Այդ հանցագործություններից որեւէ մեկի համար պատասխանատվության չի ենթարկվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել