«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Քաղաքական համակարգի զարգացման ճանապարհով գնալու համար մենք պետք է ոչ միայն մեր բառապաշարից, այլև մեր ուղեղից հանենք «իշխող կուսակցություն» եզրը: Ժողովրդավարական հասարակարգում կուսակցությունը չպիտի իշխի, պաշտոնյաները չպիտի իրենց աթոռները ստանան, ինչպես ասում են, «չերեզ Մելիք-Ադամյան» կամ որևէ այլ փողոց: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է բազմակուսակցական խորհրդարանի և կառավարության միջոցով:
Այդ համատեքստում ինձ այսպիսի հարցեր են հետաքրքրում. արդյոք «Իմ քայլը» խմբակցությունում և, ասենք, «Քաղաքացիական պայմանագրի» համագումարներում որոշումներն ընդունվելու են միաձա՞յն: Արդյոք իշխող կուսակցության մեջ կգտնվե՞ն մարդիկ, որոնք հրապարակավ կքննադատեն ղեկավարության կուրսը: Շեշտում եմ՝ հրապարակավ: Թե չէ նախորդ իշխող կուսակցության ներկայացուցիչները մեզ մշտապես հավաստիացնում էին՝ «մեզ մոտ լուրջ բանավեճեր են տեղի ունենում, մի՛ կարծեք, թե բոլորը միշտ ծափահարում են առաջին դեմքին»: Ճիշտն ասած, գրեթե վստահ եմ, որ միշտ ծափահարում ու գովերգում էին, և, ի դեպ, հենց այդ գովերգողներն էին, որ առաջին իսկ վտանգի պահին փախան կուսակցությունից և խմբակցությունից: Իսկ եթե «Իմ քայլում» կամ ՔՊ-ում հայտնվեն այլախոհներ, ի՞նչ են նրանց մասին ասելու իշխանությանը համակրող լրատվամիջոցները և հ/կ-ները, որոնք այսօր մեծամասնություն են կազմում: Դատելով նրանից, թե ինչպես էին «այլախոհներին» վերաբերվում ՀՀՇ-ում, այստեղ խնդիր կարող է առաջանալ: Այս առումով Կոմկուսի և ՀՀԿ-ի մասին նրանց «իշխանական» կարգավիճակում խոսելն ավելորդ է, որովհետև այնտեղ այլախոհներ ի սկզբանե չկային:
Հետաքրքիր է նաև՝ արդյոք իշխող խմբակցության մեջ հայտնված նախկին լրագրողները ձերբազատվելով են մեր մասնագիտությանը բնորոշ (միանգամայն առողջ, իմ կարծիքով) թերահավատությունից և խոսելու են «Պրավդայի» ոճի քառակուսի բանաձևերո՞վ՝ «ժողովրդի հաղթանակ», «ժողովրդի իշխանություն», «նախորդ հանցավոր ռեժիմ», «անցյալից մնացած ծանր ժառանգություն», «նոր Հայաստանի փայլուն նվաճումներ» և այլն: Եթե շարունակեն ամեն ինչ հալած յուղի տեղ չդնել, փառք ու պատիվ նրանց: Ցավոք, այս 28 տարում բազմիցս եմ արձանագրել այն դեպքերը, երբ իմ ծանոթները, որոնք առանց քաղաքական գործչի «փարաջայի» միանգամայն նորմալ, ադեկվատ մարդիկ էին, հենց որ մտնում են քաղաքական խաղի մեջ, իսկույն կորցնում են հումորի զգացողությունը, «քառակուսիանում են» և սկսում են իրենք իրենց չափից դուրս լուրջ ընկալել»: