Մանկապարտեզների դայակների ու դաստիարակների աշխատավարձերն ամեն գնով բարձրացնել է պետք, դրանք համայնքային ենթակայության հիմնարկներ են, ու կարելի է արագ որոշումներ կայացնելով լուծել հարցը։ Այդ մարդկանց մենք վստահում ենք մեր երեխաներին, իսկ պետությունը տալիս է 40-50 հազար դրամ աշխատավարձ։ Չափազանց պատասխանատու աշխատանք կատարող այս մարդկանց դրամական բավարարումը պետք է լինի բարձր, թող այն լինի կոնյակների, միջոցառումների ու քեֆերի հաշվին, կամ թող մանկապարտեզների համար սահմանվի 2000-3000 դրամ ամսավճար, ինչը կգնա աշխատավարձի բարձրացման։ Երևանում անվճար են մանկապարտեզները, շատ լավ է, բայց ամոթալի մակարդակի վրա են մարդկանց աշխատավարձերը։ Գոնե խոշոր քաղաքները պետք է այս հարցում նոր լուծումներ գտնեն ու օրինակ ծառայեն, առավել ևս, երբ պետության վարած սխալ քաղաքականության արդյունքում հազարավոր երեխաներ հաճախում են վճարովի մանկապարտեզներ, որտեղ ամսական վճարները սկսվում են 20-30 հազարից ու հասնում մինչև 200 հազարի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: