Իմ "Ինչպես կառուցենք Նոր Հայաստանը" կոնցեպտի նախագծում արդեն առաջարկել էի դարձնել Հայաստանը ներգաղթի երկիր ոչ միայն աշխարհասփյուռ հայության համար, այլ որոշ չափաբաժնով՝ նաեւ այլազգիների: Հիմա էլ եմ պնդում, որ մոտ ապագայի 5 միլիոնանոց Հայաստանի բնակչության 10 տոկոսը՝ 500.000-ը կարող է այլազգի լինել, ընդ որում, ցանկալի է՝ տարածաշրջանի ժողովուրդների ներկայացուցիչներ, ինչը թույլ կտա մեզ հարեւանների հետ բարիդրացիական համակեցության արդյունավետ կանոններ մշակել:
Ու այստեղ մի կարեւոր "բայց" կա: Թե՛ հայերի եւ թե՛ հատկապես այլազգիների/այլադավանների ներգաղթը Հայաստան պետք է լինի Հայաստանի Հանրապետության պատկան գերատեսչությունների կողմից ծրագրված կամ առնվազն դրանց կողմից վերահսկվող, լավ նախապատրաստած եւ կանոնակարգված՝ քաղհասարակության ակտիվ մասնակցությամբ: Անհրաժեշտ է իրականացնել համապատասխան հետազոտություններ եւ ապահովվել անհրաժեշտ ենթակառուցվածքներ մի շարք ոլորտներում:
Օրինակ,
1. Պետք է ճշտել, թե տնտեսության որ ոլորտներն ինչպիսի եւ ինչ ծավալների աշխատուժի կարիք ունեն (իսկ որ այդպիսի ոլորտներ կան, հայտնի է).
2. Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով պետք է լրացուցիչ օրենսդրական ու նորմատիվ իրավական կարգավորման ենթարկել մեր երկրի տարածքում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի իրավունք տրամադրելու համակարգը՝ ներառելով "աշխատանքային իրավունք" իրավական հասկացությունը 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունված ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքում: Բացի այդ, պետք է փոխել ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ Հոդված 15-ը ("Քաղաքացիների աշխատանքային իրավունակությունը և գործունակությունը"), որը այժմ սահմանում է, որ oտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում ունեն այնպիսի աշխատանքային իրավունակություն, ինչպիսին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Վերջապես, անհրաժեշտ է ըստ տնտեսության պահանջմունքների իրականացնել նման իրավունքի ոլորտային եւ երկրային քվոտավորում՝ Կառավարութան որոշմամբ: Ընդ որում, այդ քվոտավորման շրջանակներում պետք է ներդնել ներգաղթի համար խթանիչ մեխանիզմներ, իսկ այդ քվոտաներից դուրս՝ ավելի խստացնել կացության եւ աշխատանքային իրավունքի տրամադրումը: Նման իրավունք չունենալու դեպքում արգելել օտարերկրացիներին աշխատել Հայաստանում, իսկ այդ արգելքը խախտածներին արտաքսել Հայաստանի տարածքից՝ 5 տարով զրկելով Հայաստան մուտք գործելու իրավունքից.
3. Կիսում եմ Անուշ Սեդրակյանի մտահոգությունը ներգաղթյալների առողջական վիճակի մասով եւ կարծում եմ համաճարակային տեսանկյունից ռիսկային երկրներից Հայաստան մուտք գործած քաղաքացիների հանդեպ պետք է իրականացվի սանիտարական վերահսկողություն, անհրաժեշտության դեպքում՝ բուժում, ինչը բխում է թե՛ ՀՀ քաղաքացիների եւ թե՛ հենց ներգաղթյալների շահերից.
4. Պետք է ստեղծվեն համապատասխան ոչ-ֆորմալ կրթության ենթակառույցներ, որոնք կապահովվեն Հայաստանում աշխատանքային իրավունք ստացած ներգաղթյալների պարտադիր ուսուցումը Հայոց լեզվին, մեր երկրում գործող օրենքներին, գուցե նաեւ Հայաստանի պատմությանը եւ համակեցության ու կենցաղվարության ընդունված կանոններին, ավանդույթներին.
5. Ինչպես արդեն նշեցի, քվոտավորումը պետք է իրականացվի հնարավորինս դիվերսիֆիկացված ըստ երկրների, որպեսզի այնպես չստացվի, որ, օրինակ, Հնդկաստանից ունենանք 30.000 ներգաղթյալ, իսկ, ասենք, Նեպալից կամ Լատվիայից՝ ոչ մի: Միայն թե մի ասեք, թե Լատվիայից Հայաստան եկող չի լինի: Դուք ոլորտները որոշեք, քվոտաները սահմանեք՝ իսկ թե ոնց բերենք, ինչով մոտիվացնենք՝ միասին կմտածենք. բա ինչու՞ եմ ասում կրեատիվ մտածողություն է պետք, մեկ էլ՝ խնդիր դնել: Համարեք առաջիկ 5 տարիների Ծրագիր-մաքսիմումը՝ հարյուր հազարավոր ներգաղթյալ հայերին զուգահեռ եվրոպական եւ հյուսիս-ամերիկյան երկրներից գոնե մի-քանի հազար, իսկ լատինաամերիկյաններից՝ մի-քանի տասնյակ հազար այլազգի ներգաղթյալների ապահովումը՝ Հայաստանում մշտական բնակություն հաստատելու եւ ՀՀ քաղաքացի դառնալու հեռանկարով: Վստահ եմ, որ կարող ենք ձեւը գտնել.
6. Իհարկե, այս ամենը չի վերաբերում փախստականներին, որոնք համապատասխան ընթացակարգերով պետք է դիմեն մեր պատկան մարմիններին՝ ապաստան ստանալու խնդրանքով եւ հիմնավորեն իրենց փախստական լինելը: Մեր ստորագրած միջազգային կոնվենցիաները մեզ կուղղորդեն թե ինչպես վարվել նրանց հետ, բայց անգամ այս դեպքում պետք է պատրաստ ունենալ մեծ զանգվածների աբսորբացման/ադապտացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ճամբարներ (ինչպես եվրոպական երկրներում է) եւ մշակված ռազմավարություն.
7. Վերջապես, եթե որեւէ մեկ կոնկրետ երկրից մեր կողմից չսպասված եւ չպլանավորված զանգվածային ներգաղթ է տեղի ունենում՝ չի կարելի ջայլամի քաղաքականություն վարել: Քանի դեռ չեն ընդունվել այստեղ առաջարկվող համապատասխան կարգավորումները՝ պետք է ուսումնասիրել ներգաղթյալների սեռա-տարիքային, ենթամշակութային/սուբ-էթնիկ, հնդիկների դեպքում՝ նաեւ կաստայական կառուցվածքը, կրթական ցենզը, աշխատանքային կարողությունները, եւ, ամենակարեւորը՝ ներհոսքի պատճառները: Կարծում եմ, մեր պետության հզորացման համար կարեւոր է, որպեսզի Հայաստանում մշակվեն եւ իրագործվեն տարբեր տեղերից մարդկանց ներգաղթի նախագծեր, բայց չէի ուզենա որպեսզի հանկարծ պարզվի որ Հայաստանը դարձել է այլ երկրներում գտնվող կենտրոններում մշակված նախագծերի փորձադաշտ, կամ ավելի վատ՝ թիրախ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել