ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
1․Նախկին խորհրդային հանրապետությունների մեջ ամենապատվախնդիրն է Ռուսաստանից հետո, իհարկե, չհաշված մեզ՝ մեր Արցախյան Ազատամարտով ու հաղթանակով։
2․Երիտասարդ, նոր ձևավորվող Երկիր է, որտեղից արտագաղթ գրեթե չկա, կա ներգաղթ։
3․Ձևավորված ազգային գաղափարախոսություն չունենալու պատճառով թուրանականությունը գրեթե դարձել է նրա հասարակական քաղաքականության գաղափարական հենքը և Ղազախստանը՝ թրքալեզու երկրների մեջ փորձում է լինել թուրանականության առաջամարտիկը;
4․Ղազախստանը վախենում է ուժեղ Ռուսաստանից և Նուրսուլթան Նազարբաևի համար շատ լուրջ խնդիր է, թե ինչ կլինի իր երկրի հետ իր մահից հետո։ Սա է հիմնական պատճառը, որ նա չի զիջում իշխանությունը։ Ուկրաինական որոշ տարածքների Ռուսաստանի մաս դառնալուց հետո այս խնդիրները շատ իրական են։
5․Ռուսաստանը շատ դժգոհ է Ղազախստանի՝ Ռուս Էթնոսին երկրից դուրս մղելու քաղաքականությունից։ Երբեմնի ռուսալեզու Ցելինոգրադում, Ասթանա մայրաքաղաք դառնալուց հետո, ղազախները գերակշիռ են դարձել, իսկ արհեստականորեն ստեղծված այս ահռելի պետությունը գայթակղում է մեծապետական Ռուսաստանին, անընդհատ հիշեցնելով, որ եթե չլինեին բոլշևիկները, չէր լինի նաև այս պետական միավորը, այլ կլիներ՝ օրինակ ընդամենը Օրենբուրգի մարզի մի մասը։
6․Ղազախստանը Հայաստանին նայում է որպես Ռուսաստանի ամենամտերիմ ջատագով ու դաշնակից, և այդ պատճառով, այն ատելությունը, ինչ երազում են ասել ռուսին, սակայն իրենց զսպում են, ասում են հայերին։ Նույն սինդրոմը կա նաև Ուկրաինայում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
1․Թավշյա հեղափոխությունը, հայերի ինքնագովեստը, հեղափոխությամբ պարծենալը պահպանողական Ղազախստանում իշխանություններին ստիպում են՝ հայերին վերաբերվել որպես հեղափոխական տարրի։ Այդպես է նաև Ռուսաստանում և Բելոռուսիայում։
2․Պատկերացրեք, որ Դուք ապրում եք Ձեր տանը, հնդիկներն ու պակիստանցիները գալիս են, հինգ հոգով բնակարան են վարձում, մեկ տարի անց վարձածը գնում են, երկու տարի անց մի արտակարգ մեքենայով են, երեք տարի անց քո երկրի հիմնական շինարարական կապալառուներն են ու Նախագահի մերձավորների մերձավորները, իսկ Դուք նույն երկսենյականոց բնակարանում եք։ Սա ոչինչ։ Իրենց համեստ չեն պահում, երբեմն էլ շատ լկտի են ու ցուցամոլ։ Քո երկրում ապրում են քեզ համարում (չեմ ուզում ասել ինչ, որովհետև հայի այս տեսակը ամենուրեք իրեն այդպես է պահում)։
3․Զոհի հոգեբանությամբ հարստացող հայը վաղ թե ուշ կամ արտաքսվելու է կամ ձերբակալվելու, եթե համայնքները ինքնապաշտպանական, մարզական խմբեր չեն ստեղծում։ Համայնքները, որոնք ձևական են, համայքապետերը, որոնք գաղտնի ծառայությունների դրածոներն են ու ինքնահմա են, ՀՀանրապետությունը, որ ձևական արտաքին գործերի նախարարություն ունի ու փակում է սփյուռքի նախարարությունը՝ ոչինչ չեն անում Հայ մարդու պաշտպանության համար, երբ հարևան երկիրը կացնահարողին է հերոսացնում։

Բարի վաղվա օր,
Դեպի Արարատ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել