ՀՀ կրթական համակարգում տեղի են ունենում նկատելի անհասկանալի ու ուղղորդված գործողություններ. տնօրենները կրթական օջախները սարքել են իրենց հոր սեփական «բոստանը» և կուլակին բնորոշ քայլեր են կատարում, ու այս հարցերի մասին ընդհանրապես ոչ մի գործողություն պատկան մարմինների կողմից:
Կխոսեմ Ավանի թիվ 124 դպրոցի շուրջ ընթացող եռացող կաթսայի մասին: Դպրոցն ապրում էր իր հանգիստ առօրյայով մինչ այն պահը, երբ 104 դպրոցի տնօրեն Հայկուշ Նիկոյանը կոլեկտիվի պահանջով հրաժարական տվեց, և 124 դպրոցի տարրական դասարանի ուսուցիչ և համատեղության կարգով նաև տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը տնօրեն նշանակվեց՝ հաղթելով անհասկանալի մրցույթով: Նաիրա Մարտիրոսյանը նշանակման պահից աչքի ընկավ ֆինանսների նկատմամբ մեծ սիրով (բացի տնօրեն լինելուց՝ նա իր տարրական դասարանի երեխաների հետ մասնավոր պարապմունքներ էր անցկացնում համապատասխան գումարի դիմաց): Թվում է, թե նշվածի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը:
Մարտիրոսյանը 104-րդ դպրոցում միայն տնօրենի աշխատավարձ ուներ, զրկված էր դասարանից, նաև մասնավոր աշակերտներից և որոշում է 124 դպրոցի կազմաքնադման գործընթացը. աստիճանաբար իր 124-ի աշակերտներին տանում է նոր դպրոց՝ մեխանիկորեն դատարկելով կրթօջախը (իր գործունեության 6 տարիների ընթացքում տեղի է ունեցել հետևյալը. տնօրեն ընտրվելուց հետո մեծ հոսքով 124 դպրոց է բերել աշակերտներ, ուսուցիչների հետ վերաբերվել արհամարհանքով, կազմակերպել անհասկանալի պրակտիկաներ, որոնց ֆինանսական հատվածը նույնպես պահել է քողարկված): Նա ծնողներին համոզում ու հորդորում է, որ երեխաներին տեղափոխեն իր «կալվածք»՝ սեփական միջոցներն ապահովելու համար։ Այստեղ ակնհայտ է, որ գործ ունենք կոռուպցիոն լուրջ սխեմայի հետ, որի մասին պետք է իրազեկվեն պատկան մարմիններն ու ոլորտի պատասխանատուները:
Պետք է նշել, որ երկու դպրոցներն էլ հիմնական են, գտնվում են նույն թաղամասում՝ իրարից բառացիորեն 150 մետր հեռավորության վրա, այսինքն՝ մեկը մյուսի նկատմամբ չունեն ոչ մի առավելություն, ուղղակի մարդու նախասիրության հարց է: Ստացվում է, որ 124 դպրոցի ճակատագրի վրա թքած ունեցող Մարտիրոսյանը մտածում է զուտ իր անձնական ամբիցիայի և գրպանի տարողության մասին, իսկ թե ի՞նչ տեղի կունենա հետագայում այդ կրթօջախի հետ, նրան դա արդեն քիչ է հուզում։